• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. Բրազիլիայի հայոց թեմ

Հուլիսի 30-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի օգնական և երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Բարեշնորհ Վազգեն սարկավագ Եկիներյանի, երիտմիության ատենապետ Տիգրան Գյուլձիյանի, միության անդամներ Նշան Մխիթարյանի, Դրո Քալաջյանի և Տարոն Քալաջյանի հետ։

Դրոն և Տարոնը եղբայրներ են և երիտմիության կրտսեր անդամները։ Երկուսն էլ ծառայում են եկեղեցում։ Նրանք ներկայացրին իրենց փորձառությունը, պատմեցին, թե ինչպես են սկսել խորան բարձրանալ և ծառայել եկեղեցում։ Տղաները  դեպի եկեղեցի  քայլեր են արել դեռ 7 տարեկանից և այժմ էլ ամեն կիրակի ծառայում են եկեղեցում։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ողջունեց այն հանգամանքը, որ հայորդիները ծնվել և ապրել են Հայաստանից հեռու՝ Բրազիլիայում, բայց այնուամենայնիվ բոլորն ունեն հայկական անուններ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Բրազիլիայի հայոց թեմի երիտասարդական գործունեությունը:

  • Բրազիլիայի երիտասարդաց միությունը ծիսական արարողակարգերը հավատավոր ժողովրդին հասանելի դարձնելու համար նախաձեռնել է գրքերի հրատարակություն՝ Հայ Առաքելական եկեղեցու արարողությունների վերաբերյալ և դրանց համար ստեղծել QR կոդեր: Նախաձեռնությունն արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնությանը:
  • Թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի, գաղափարով 2019 թվականին ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որպեսզի պատրաստվեն գրքեր եկեղեցական արարողությունների վերաբերյալ։ Այդպիսի 5 գիրք արդեն հրատարակվել է․
  1. «Խաղողօրհնեք»,
  2. «Հայրապետական և Հանրապետական մաղթանքներ»,
  3. «Ջրօրհնեք»,
  4. «Դռնբացեքի արարողություն»,
  5. «Ավագ հինգշաբթի. Ոտնլվայի արարողություն»։

Այս գրքերը հրատարակվել են երեք լեզուներով՝

  • հայերեն,
  • լատինատառ հայերենով, ( այն մարդկանց համար, ովքեր բանավոր հայերեն գիտեն, բայց գրավոր ՝ ոչ )
  • պորտուգալերեն:

Գրքերի յուրաքանչյուր QR կոդ ուղեկցում է յութուբյան էջի համապատասխան արարողության տեսանյութը, այսպիսով՝ մարդը հնարավորություն է ստանում միաժամանակ և՛ կարդալ արարողության մասին, և՛ այն լսել։

Բրազիլիայում ապրող Հայ Առաքելական Եկեղեցու հավատացիալների համար սա պարզ միջոց է՝ ծեսերին հաղորդ լինելու։

Առաջիկայում նախատեսվում է նոր գրքերի հրատարակություններ։ Այժմ հրատարակության փուլում է «Խաչվերաց»-ը և նաև այլ գրքեր։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵՀԵՄ տարածաշրջանային ժողովների կազմակերպումը, ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2021թ․ ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը, Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները՝ «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Երիտասարդի աղոթագիրք»

, «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը Կայսեր, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։

Հայր Թովման, կարևորեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու հանգամանքը։ Նա նշեց, որ տարածաշրջանային ժողովների ընթացքում այդպիսի ծրագիր ներառված կլինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ
«Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

? #ℂoronaℤoom?Հուլիսի 30-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Բրազիլիայի հայոց թեմի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, July 31, 2020