• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ Ատենապետաց երկօրյա ժողովը

Նոյեմբերի 2-3-ը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ գումարվել էր ՀԵՀԵՄ առաջին Ատենապետաց ժողովը: Կենտրոնական գրասենյակում էին համախմբվել հայաստանյան և աշխարհասփյուռ 20 տարբեր թեմերից ժամանած երիտասարդական կառույցների պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

Ժողովը նախագահում էր ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ներկա էին Մերձավոր Արևելքի և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Սամցխե Ջավախքի առաջնորդական տեղապահ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ատենապետաց ժողովը սկսվեց Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի բացման խոսքով.
«Հորդորում եմ որպեսզի լինեք էլ ավելի աչալուրջ ձեզ հանձնված պարտականություննրի հանդեպ և զորավիգ լինեք Հոգեշնորհ Հայր Սուրբին: ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը տաք անկյուն է բոլոր եկեղեցասեր երիտասարդներիդ համախմբման և ձեր գաղափարները միմյանց հետ կիսելու համար»։

Ներկաներին ողջունեց նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, անդրադառնալով այս տարի կայացած «Դեպի սուրբ Էջմիածին, Դեպի սրբազան Արցախ» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը.
«Այդ ուխտագնացությունը մեծ քայլ էր երիտասարդներին ևս մեկ քայլ մոտեցնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: 2020 թվականը հատկանշաական է, քանի որ լրանում է ՀԵՀԵՄ 20 ամյակը»:

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց զեկույց՝ «ՀԵՀԵՄ ռազմավարությունը, գործիքակազմը, ՀԵՀԵՄ-ն այսօր» թեմայով:

Հայր Թովման ամփոփեց ՀԵՀԵՄ գործունեության և համագործակցությունների 1-ամյա արդյունքները:

Հայր Սուրբի զեկույցից հետո ատենապետները ներկայացրին իրենց թեմերի երիտասարդաց միությունները և դրանց գործունեությունը: Քննարկվեցին ՀԵՀԵՄ ուղենիշը, ՀԵՀԵՄ 2020թ. տարածաշրջանային ժողովները, ՀԵՀԵՄ 2021թ. «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» ուխտագնացությունը, ինչին հաջորդեց խմբային աշխատանք, որի ընթացքում ատենապետները՝ բաժանված 4 խմբերի, մշակում էին իրենց առաջարկները՝ ՀԵՀԵՄ նոր ուղեցույցում ներառելու համար:

Ժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման պաշտոնական (hehem.am) կայք-էջի շնորհանդեսը: ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սամվել Շահնազարյանը ներկայացրեց կայքի բաժինները:

Այն օնլայն հարթակ է, ոչ միայն Կենտրոնական գրասենյակի գործունեությանն ու նորություններին ծանոթանալու, այլև ողջ աշխարհում գործող երիտասարդաց միությունների մասին: Այժմ կայքի բաժինները գրեթե դատարկ են, ինֆորմացիան կհամալրվի միայն համատեղ գործակցության արդյունքում:

«Այս պահից մենք սկսում ենք կերտել և ամրագրել ՀԵՀԵՄ վիրտուալ պատմությունը և ի ցույց դնել աշխարհին: Խնդրում եմ միավորվել և օգնել ամբողջապես արտահայտել այն միասնական պատկերը, որն ունի Հայ Առաքելական եկեղեցին և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը»:

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Եկեղեցի-թեմեր բաժնի պատասխանատու Մարիամ Հարությունյանը խոսեց ՀԵՀԵՄ ուղեցույցի փոփոխման անհրաժեշտության մասին.

«ՀԵՀԵՄ կառուցվածքային փոփոխության պատճառով, Ուղեցույցում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, քանի որ ՀԵՀԵՄ երկաստիճան կառուցվածքը փոխարինվել է եռաստիճանի՝ Կենտրոնական գրասենյակ, Տարածաշրջաններ, Ատենապետաց ժողով»:

Ժողովից հետո ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմը և Ատենապետաց ժողովի մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցին Սուրբ պատարագի:

Օրն ավարտվեց ընթրիքով և ազգային երգ ու պարով:

Նոյեմբերի 3-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ ՀԵՀԵՄ ԿԳ աշխատակազմը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու⛪ հայաստանյան և աշխարհասփյուռ 20 Թեմերի երիտասարդական միությունների ատենապետներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման: Այցը ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի շրջանակում էր:

Հանդիպումն սկսվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով և օրհնության խոսքով: Այնուհետև Հայր Թովման շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:

Ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մերձավոր Արևելքի և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Սամցխե Ջավախքի առաջնորդական տեղապահ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, քահանաներ։

«20 տարի Վեհափառի հետ» ծրագրի շրջանակում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմը և ՀԵՀԵՄ Ատենապետները շրջայց կատարեցին Վեհարանի թանգարանում, ապա Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Սուրբ և Անմահն պատարագի:

Վերադառնալով Կենտրոնական գրասենյակ՝ շարունակվեցին նախորդ օրը բաժանված 4 խմբերի խմբային աշխատանքները, այնուհետև հնչեցին խմբերի առաջարկները ՀԵՀԵՄ ուղեցույցում լրացումներ կատարելու և 2021 թ. Նախատեսվող համահայկական ուխտագնացությանը նախապատրաստվելու վերաբերյալ:

ՀԵՀԵՄ 60 ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ատենապետաց ժողովի ընթացքում 20 Ատենապետներին բաժանվել էին թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա նրանք գրեցին իրենց տեսլականը ՀԵՀԵՄ ապագայի մասին: Յուրաքանչյուր թերթիկ համալրվեց 3 կետով:

Ատենապետաց ժողովին ոչ պաշտոնական կերպով միացավ նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով համառոտ ողջույնի խոսք հղեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակին և ՀԵՀԵՄ երիտասարդներին:

Քննարկումն ամփոփվեց պաշտոնական ընթրիքի շրջանակում: ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը ընթրիքի ընթացքում գրասենյակի աշխատակիցներին և հատկապես Թեմերի գծով պատասխանատու երեցկին Մարիամ Հարությունյանին հայտնեց իր գնահատանքը և իր օրհնությունը փոխանցեց Ատենապետաց ժողովի կազմակերպման համար տածած ջանքերի կապակցությամբ:

Հրաժեշտից առաջ ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցներն իրենց մաղթանքները թողեցին ՀԵՀԵՄ պաստառին:

ՀԵՀԵՄ ԱՏԵՆԱՊԵՏԱՑ ԵՐԿՕՐՅԱ ԺՈՂՈՎԸ. ԱՄՓՈՓՈւՄ⤵️Նոյեմբերի 2️⃣-3️⃣-ը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման⛪️…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Thursday, November 7, 2019