Անցկացվեց ՀԵԵՄ-Արեւմտյան թեմ 2022 վիրտուալ համագումարը
Տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի ՀԵԵՄ-Արեւմտյան թեմ 2022 վիրտուալ համագումարը: Չնայած այս վերջին երկու տարիներին համագումարն առցանց է անցկացվում, բայց կատարված աշխատանքները շատ են, և դրանք ամփոփելու, ինչպես նաև նոր առաջարկները քննարկելու անհարժեշտությունը կար։ Որպես 2021-ի կարևոր իրադարձություններ որակվեցին անհատական հանդիպումները և Սուրբծննդյան միջոցառումները: Տարին նշանավորվեց նաև բազմաթիվ առցանց քննարկումներով և Արցախի համար դրամահավաքներով:
Վիրտուալ համագումարում ընդգրկված էին նաև զեկուցումներ թեմական տարբեր կառույցների վերաբերյալ, ինչպես նաև՝ Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ՀԵԵՄ-ին և Սիեթլիի Սուրբ Հարություն եկեղեցու ՀԵԵՄ-ին Տարվա ՀԵԵՄ մրցանակի հանձնումը:
Տեղի ունեցան նաև Կենտրոնական խորհրդի, Առաջադրող հանձնաժողովի և Վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները։ Հրաժեշտ տվեցին Կենտրոնական խորհրդի անդամներ Վիկտորիա Ամրանին, Քևին Քեսթեքյանին, Ներսես Տեր-Աբրահամյանին և Էնդրյու Հակոբյանին՝ շնորհակալություն հայտնելով վերջիններիս կազմակերպությանն իրենց տարիների նվիրյալ ծառայության համար: Կենտրոնական խորհրդում շարունակելու են լինել Ալեն Աշիկյանը, Օսսաննա Ամրանը եւ Թամար Չավդարյանը։
Բարի գալուստ մաղթեցին նորընտիր անդամներ Արիանա Կարապետյանին, Կարո Բոյաջյանին, Արթին Վարդանիին և Նատալի Աղազարյանին։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին՝ ՀԵԵՄ-ին իր աներեր նվիրումի համար, ինչպես նաև համագումարին ներկա հոգևորականներին և թեմական խորհրդի անդամներին։ Համագումարի մասնակիցները նաև շնորհակալություն հայտնեցին Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եկեղեցու ՀԵԵՄ-ին իրենց ժամանակն ու ջանքը ներդնելու համար:
ՀԵԵՄ-Արեւմտյան թեմն ակնկալում է 2022 թվականին զբաղված և հաջողակ տարի: