• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Ծնունդ մեծ և սքանչելի». ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի Սուրբ Ծննդյան ուղերձը

Սիրելինե՛ր,

Սուրբ  Ծննդյան  ավետաբեր  մթնոլորտը   համակել  է  բոլորիս՝ «Ծնունդ մեծ և սքանչելի»։ Այսօր խանձարուրի մեջ մանուկ Հիսուս մաքրալույս իր շողերն է տարածում և Սուրբ Ծննդյան մեծագույն բարի լուրն է ղողանջում մեր կյանքում։

Սիրելի ՀԵՀԵՄ անդամներ, անձնակազմ և կամավորներ,

Սուրբ Էջմիածնի աստվածային հովանու ներքո շարունակե՛նք մեր հոգու աչքերը մշտարթուն պահել Բեթղեհեմից ճառագող զվարթառատ լույսին, լիացնե՛նք մեր հոգևոր ապրումները, ընթանա՛նք լավատեսության, համերաշխության և արարումի ուղիներով։

Թո՛ղ Փրկչի Ծննդյան կենարար Սուրբ Ավետիսը, պարուրված սիրո, հավատի և հույսի Աստվածամերձ թևերով, լուսավոր պահի բոլորիս սրտերը, համազգային մեր կյանքը զերծ մնա ամեն  տեսակ պատերազմներից, ողբերգություններից, չարագույժ սպառնալիքներից, ինչպես նաև հոգեմաշ հիվանդություններից։

Փրկչի Ծննդից ավելի քան երկու հազար տարի անց, այսօր էլ իրար շնորհավորենք  և հոգու ցնծությամբ գոչենք․

 

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի

Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս

 

Սիրով և Օրհնությամբ՝

 

 

 

 Թովմա վարդապետ Խաչատրյան
 Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն