• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ը  տուն է, որտեղ պետք է պարզապես լինել

Ողջու՜յն, արդեն հասցրե՞լ եք սիրել մեր «Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագիծը։ Գիտենք, որ սպասում էիք մեր այսօրվա հերոսին` Տեղեկատվական բաժնի անդամներից Ռոզա Միհրանյանին։

Կարդացեք Ռոզայի խորհրդածությունները ՀԵՀԵՄ-ի մասին, ստացեք բոլոր-բոլոր հարցերի պատասխանները, զգացեք ՀԵՀԵՄ-ական միջավայրի շունչն ու լույսը։

________

Լինել ճիշտ ժամանակին, ճիշտ  տեղում․․․Անդամակցության առաջին օրվանից մինչև հիմա մտքումս շրջանառվող  արտահայտությունն է, քանի  որ սպասելիքներս  և իրականությունը համընկան։ Այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեմ ՀԵՀԵՄ-ին անդամակցելով, վերջին իրադարձություններից ելնելով՝ պատասխանեցի, որ միանշանակ  ձեռք բերել հոգեկան խաղաղություն։ Աշխատակիցները խոստացան, և ես գտա իմ պատկերացումների խաղաղությունը, որի վառ ապացույցը ձգտումս է այնտեղ վայրկյան առաջ լինելու։

Այժմ ՀԵՀԵՄ-ից  տուն դառնալիս տանում եմ  նոր մտքեր և գաղափարներ, որոնք խորհրդածելու ճանապարհով վերաիմաստավորվում են ու մտորելու տեղիք են տալիս։

ՀԵՀԵՄ՝ վայր, որտեղ այն բացառիկ վստահությունը կա, որ քեզ, իրապես, սպասում են, կառույց, որը միավորում է տարբեր մասնագիտացումների երիտասարդներին նույնագաղափարության մեջ և, վերջապես, ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը զգում է իր կարևորությունը։

Ժամանակին համահունչ քայլելը, նորարարական տեխնոլոգիաներով հագեցած լինելը, կազմակերպված զրույց-հանդիպումներ վարելը, ջերմ մթնոլորտ ապահովելը և այս ամենի ճիշտ համադրումը ազգապահանության և հոգևորի հետ, ահա ՀԵՀԵՄ-ի գրավականը, և ահա, թե ինչու պետք է երիտասարդը ձգտի մաս կազմել այս ամբողջությանը։

ՀԵՀԵՄ-ում մշտապես կազմակերպվող հանդիպում-քննարկումները  հնարավորություն են տալիս ստացված տեղեկատվությունը նորովի վերլուծելու, ընկալելու և առօրյայում այն կիրարելու համար։ Կարճ ժամանակ և հասկանում ես, որ այս ամենին հասել ես ՀԵՀԵՄ-ի միջոցով։

ՀԵՀԵՄ-ը կարելի է  բառերով նկարագրել, որոնք հիմնավորման կարիք չունեն և հիմնված են բացառապես զգացական դաշտի վրա։ Դրանք են՝ խաղաղություն, համախմբվածություն, կազմակերվածություն, առողջ մթնոլորտ, անշահախնդրություն, մի խոսքով՝ ՀԵՀԵՄ-ականություն։ ՀԵՀԵՄ-ը  տուն է, որտեղ պետք է պարզապես լինել։

Ռոզա Միհրանյան

ՀԵՀԵՄ անդամ