• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Ինչ որ երազում ես, այն էլ երազ է». հեռավար հանդիպում հայր Միքայելի հետ

Շարունակվում է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ամեն շաբաթ առցանց տարբերակով հանդիպում-քննարկումների շարքը հոգևորականի հետ: Այս անգամ հերթը Տաթևի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գևորգյանինն էր: Թեման երազներն էին: Հայր Սուրբն անդրադարձավ սբ. Գրիգոր Տաթևացու «Հարցմանց» գրքին,  թե ինչ է երազը, որ տեսնում է մարդը: Այսպիսով, զանազան են երազի տեսակները. կան, որ բնական են, կան, որ՝ աստվածային, և կան, որ դիվական են: Տաթևացին առանձնացնում է  երազների 3 աստիճան: Նա առաջինը կոչում է տեսիլք, որը իրականում երազ չէ: Այլ է երազը, այլ է տեսիլքը:  Երազը օրվա պատահած դեպքերի վերարտադրումն է: Իսկ այն, որ աստվածային է, կոչվում է տեսիլք:

«Տեսիլք տեսան սրբերը, ինչպես Հակոբը, Պիղատոսը, Դանիելը և ուրիշներ»,- նկատեց Հայր Սուրբը՝ կրկին դիմելով Տաթևացու օգնությանը: Մարդու բնավորությունը կարող է ազդել երազի վրա. ինչպես քաջ, արի մարդը քաջ երազներ է տեսնում՝ պատերազմ, հաղթանակ, իսկ վախկոտ մարդը՝ վախկոտ երազներ, թե ինչպես իրեն հետապնդեցին, ինչպես իրեն հաղթեցին և այլն: Այսպիսով, մարդու բնավորության գիծը երազի ժամանակ կարող է արտահայտվել:

Հայր Սուրբը խորհուրդ տվեց երազներին կարևորություն չտալ, ինչպես նաև չապրել երազներով, այլ արթնանալիս և քնելիս մշտապես աղոթք անել: Երազելու և երազի մասին մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան  Հայր Սուրբը խորհուրդ տվեց թողնել երազն ու երազելը և ապրել իրական կյանքով:

Երազները վերարտադրվում են ցնորական տեսքով, մարդուն հետաքրքում է այն, ինչը գաղտնի է, անորոշ, և նա ուզում է անընդհատ խորամուխ լինել երազների մեջ, թե ինչու այս երազը տեսա, ինչ էր նշանակում և նմանատիպ այլ հարցեր:  Բայց եթե մարդն իրեն քննի, ապա կտեսնի, որ երազն իր ապրած կյանքն է, — հանդիպման ավարտին ի մի բերելով իր խոսքը՝ ասաց Տաթևի վանքի վանահայրը:

Կարելի է ասել՝ նույնիսկ հեռավար հանդիպման ժամանակ մասնակիցներից շատերին փոխանցվեց հնամենի սրբավայրի անդորրը և սուրբ հոր աղոթական ներկայությունը:

Օֆելյա Գասպարյան

ՀԵՀԵՄ անդամ

 

Yandex.Metrica