• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Հառիճավանքն այս անգամ ՀԵՀԵՄ ուխտավորների աղոթքավայր

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ) ​ տոնին նախորդող շաբաթը Հայ Առաքելական ​ Սուրբ Եկեղեցին նշում է Առաքյալների տոնը: Այդ առթիվ ​ՀԵՀԵՄ անդամները՝ ԿԳ հոգևոր տեսուչ Տեր Թովմա Վրդ. Խաչատրյանի օրհնությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Հառիճավանք: Ուխտավորներին ուղեկցում էին Գևորգյան հոգևոր ​ ճեմարանի սաները` սարկավագներ ​ Նարեկը, Հովհաննեսը և Տիգրանը: Սուրբ Աննա​ և Կաթողիկե եկեղեցիների բակում​ ուխտավորներին իր օրհնությունը տվեց ​ Տեր Վարազդատ​ քահանա Նաջարյանը և բարի երթ մաղթեց: ​

Ճանապարհին բարեշնորհ սարկավագները կատարեցին Արևագալի ժամերգություն:

Ուխտավորների առաջին կանգառը եղավ Հայոց այբուբենի հուշարձան- պուրակը, որտեղ սարկավագները ներկայացրեցին պուրակի կառուցման պատմությունը և այնտեղ տեղակայված արձանների նշանակությունը:

Մինչ​ Հառիճավանք հասնելը ուխտավորները կանգ առան ​Ապարան քաղաքում տեղակայված, 4-րդ դար թվագրվող Սուրբ Խաչ եկեղեցում: Սուրբ Խաչի հոգևոր հովիվ ​ Տեր Մուշե քահանա Վահանյանը քարոզխոսություն ունեցավ ուխտավորների հետ:

Ուխտի վերջնակետը Հառիճավանք վանական համալիրն էր՝ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ պատված նուրբ զարդաքանդակներով։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կառուցվել են երկհարկանի աղոթարանը և գրատունը։ Եկեղեցին ավերվել է 11-րդ դարում՝ սելջուկյան արշավանքների ժամանակ, և նորոգվել 12-րդ դարում՝ Գրիգոր Առաջնորդի կողմից։

Հառիճավանքի տարածքում է գտնվում Թրբանճյան Ընծայարանը, որը հոգևոր ուսումնարան է և ունի ավագ դպրոցի կարգավիճակ: Ուխտավորներն առիթ ունեցան ծանոթանալու ուսումնական կենտրոնի ներքին հարդարմանը, լսարաններին, իսկ սարկավագները, ովքեր ուսանել էին այդտեղ, կիսվեցին իրենց հուշերով:​

ՀԵՀԵՄ ուխտավորները եկեղեցու բակում հայկական ​ պարեր պարեցին:

Միասին ունեցան Սիրո ճաշ, որն ուղեկցվեց հոգևոր զրույցներով: Երիտասարդներից յուրաքանչյուրը պատմեց իր մասին, ինչն ավելի մտերմացրեց նրանց:

Օրվա ավարտին ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգության, որից հետո Նարեկ սարկավագն անդրադարձավ ուխտագնացության խորհրդին: ​

Անի Մկրտչյան
Անի Մկրտչյան
ՀԵՀԵՄ անդամ
Yandex.Metrica