• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Հայր Թովմա Խաչատրյանի Հարցազրույցը iammedia.am-ին

iammedia.am

-Հա՛յր Սուրբ, ե՞րբ է ստեղծվել ՀԵՀԵՄ-ը և ի՞նչ նպատակով:

-Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ստեղծումը կարող ենք վերագրել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի միջոցառումների շրջանակում 2001թ.-ին ձևավորված հայ եկեղեցու երիտասարդաց շարժմանը:

2007թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Կորյունի փողոցի վրա բացվեց կենտրոնական գրասենյակը:

2018թ. դեկտեմբերին հրավիրվեցի՝ ստանձնելու ՀԵՀԵՄ-ի պատասխանատվությունը, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետը մեզ տրամադրեց Աբովյան 15/1 հասցեում տեղակայված Երևանի կաթողիկոսական նստավայրի շենքը՝ Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների հարևանությամբ:

Մեր առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը, նպաստել հայ երիտասարդների հոգևոր ինքնաճանաչմանը, ինքնազարգացմանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանությանը՝ ի շահ մեր հայրենիքի հզորացման և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:

ՀԵՀԵՄ-ի նպատակներից են.

• նպաստել քրիստոնեական հավատքի և արժեքների տարածմանը երիտասարդության մեջ՝ Քրիստոսի Եկեղեցու վարդապետության համաձայն,

• աջակցել թեմական երիտասարդական խորհուրդների եկեղեցասեր երիտասարդական միությունների համագործակցությանը` իրականացնելով համատեղ ծրագրեր Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ,

• թեմերի առաջնորդարանների հետ համագործակցությամբ և նրանց աջակցությամբ ստեղծել ներթեմական հոգևոր և աշխարհիկ երիտասարդական կառույցների խորհուրդ՝ համատեղ հոգևոր-մշակութային և ազգային ծրագրերի իրականացման համար,

• հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի կամ երկրի առանձնահատկությունները` մշակել և հանդես գալ մրցունակ և արդյունավետ ծրագրերով, որոնք միտված կլինեն ազգային հոգևոր շահի ապահովմանը,

• թեմական կյանքում ակտիվ մշակութային, կրթական, մասնագիտական առաջընթաց ունեցող երիտասարդներին աջակցություն (կրթաթոշակներ, դրամաշնորհներ և այլն) տրամադրել և ներգրավել թեմական գործունեության մեջ:

-Ինչպե՞ս կարելի է դառնալ ՀԵՀԵՄ-ի անդամ: Ներկայումս քանի՞ անդամ ունեք:

-Ներկայումս ՀԵՀԵՄ կառուցվածքը հետևյալն է՝ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ և 8 տարածաշրջաններ՝ Հայաստան-Արցախ, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արևելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա: ՀԵՀԵՄ անդամ են բոլոր հայ եկեղեցիներին կից գործող երիտասարդական կառույցների անդամները, իսկ կենտրոնական գրասենյակի անդամ կարող են դառնալ նաև կամավորները՝ լրացնելով կամավորության հայտ և նշելով նախընտրելի ուղղությունը՝ ծրագրային թիմ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ, առողջապահություն, բնապահպանություն, հոգևոր անվտանգություն, սփյուռքի հետ կապեր, միջազգային համագործակցություն, միջեկեղեցական կապեր և այլն: Նույն հայտը կարելի է լրացնել առցանց՝ այցելելով Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ֆեյսբուքյան էջ։

– Ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը, և մինչև հիմա ի՞նչ ծիլեր են տվել դրանք:

-Ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ նախորդ տարիներին ՀԵՀԵՄ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ համացանցում կան բազմաթիվ տեղեկություններ:

Կենտրոնական գրասենյակի ծրագրերում ներառում և հետևողականորեն իրականացնում ենք համահայկական ուխտագնացություններ, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համահայկական երիտասարդական ճամբարներ՝ Եվրոպայում ու Ամերիկայում, բանակումներ, ուրույն ձևաչափով ու հստակ օրակարգով պատգամավորական և ներկայացուցչական ժողովներ։ ՀԵՀԵՄ-ը կազմակերպում է նաև կոնֆերանսներ, քրիստոնեական տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսում են բարձրաստիճան հոգևորականներ, պետական գործիչներ եւ տարբեր ոլորտների մասնագետներ։

-Ի՞նչ կառույցների հետ եք համագործակցում, գործընկերների շրջանակը լա՞յն է:

-Թեմերի երիտասարդաց միություններից բացի՝ Կենտրոնական գրասենյակը համագործակցում է ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների, պետական և հասարակական կառույցների, միջազգային և միջեկեղացական կազմակերպությունների հետ:

Համագործակցության ենք հրավիրում նաև ազգային գաղափարներ կրող կուսակցությունների երիտասարդական թևերին՝ իրականացնելու միասնական ծրագրեր։

– Հատկապես ո՞ր տարածաշրջանի երիտասարդներն են առավել ակտիվ մասնակցում իրականացվող ծրագրերին:

-Վերոնշյալ 8 տարածաշրջաններում մշտապես կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ։ Ծրագրերը մշակելիս կարևորում ենք տարածաշրջանային առանձնահատկությունները, ինչն էլ խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը իրականացվող միջոցառումներին և լսելի դարձնում նրանց ձայնը։

-Պարբերաբար շփվելով երիտասարդների հետ` Ձեր դիտարկմամբ այսօր նրանք որքանո՞վ են մտահոգ ազգային-հոգևոր հարցերով և որքանո՞վ են համախմբված Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ: Պատկերն ինչպիսի՞ն է:

-Աստվածաշունչը խրատում է երիտասարդներին՝ «Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերում» (Ժող. 12։1)։

Ազգային-հոգևոր հարցերով մտահոգ երիտասարդներ մի՛շտ ենք ունեցել, բայց պետք է մշակել և իրականացնել նպատակային ծրագրեր՝ նպաստելով նրանց ազգային-հոգևոր կյանքի առավել պայծառացմանը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ողջ գործունեությունը միտված է երիտասարդների շրջանում հայ եկեղեցու ավանդույթների, սրբազան ժառանգության ու ազգային արժեքների պահպանմանը։

Վստահաբար կարող եմ ասել, որ տարեցտարի երիտասարդների ներգրավվածությունը ազգային-եկեղեցական կյանքում առավել մեծանում է: Եթե ուշադիր լինեք եկեղեցական արարողություններին, ապա կտեսնեք, որ երիտասարդների թիվը շատ եկեղեցիներում նույնիսկ գերակշռում է:

-Տեղյակ եմ, որ երիտասարդներն ամեն տարի ամռանն ուխտագնացություն են կատարում դեպի հայրենիք: Ի՞նչ նպատակ ունի այն և ի՞նչ օրակարգով է անցկացվում:

-Յուրաքանչյուր հայ Սուրբ Էջմիածնի հետ ուխտ ունի. այդ ուխտը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի վերահաստատումն է մեր ազգային ինքնագիտակցության և մեր ազգային եկեղեցական հոգեկերտվածքի մեջ:

Ուխտագնացության առանցքային նպատակը աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը միավորելն է ազգային և հոգևոր ինքնաճանաչման գաղափարի շուրջ, քանի որ հայրենիքը սիրելու համար պետք է նաև այն ճանաչել։

Նմանատիպ միջոցառումներով է, որ մեր թեմական երիտասարդները գալիս են դեպի Սուրբ Էջմիածին՝ ամրապնդելու, վերանորոգելու իրենց ուխտը՝ դեպի Սուրբ եկեղեցին և դեպի հայրենիք: Վառ օրինակը այս տարվա հուլիսի 4-7-ը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպված «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունն էր, որի առանցքային նպատակը աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը միավորելն էր ազգային և հոգևոր ինքնաճանաչման գաղափարի շուրջ։ Օրակարգում ներառել ենք այցելություններ սրբազան Արցախի պատմամշակութային վայրեր՝ Ամարասի վանք, Գանձասար, Սուրբ Ղազանչեցոց, կոնֆերանսներ՝ բաղկացած 5 ժողովական խմբերից և հանդիպումներ Արցախի պետական և եկեղեցական բարձրագույն իշխանությունների հետ։

Ուրախությամբ եմ անդրադառնում նաև այն փաստին, որ ընտանիքներ են կազմավորվում սփյուռքում ապրող հայ երիտասարդների միջև, որով ազգապահպանության հիմքեր են դրվում:

-Մտահոգիչ է աշխարհացիր հայ երիտասարդների ազգային ինքնության պահպանման խնդիրը: Ձեր կարծիքով որո՞նք են այն կարևոր բաղադրիչները, որոնց միջոցով նրանք օտար միջավայրում կկարողանան զերծ մնալ ուծացման վտանգից և չհեռանալ սեփական արմատներից:

-Երբ ծառայում էի սփյուռքում, հաճախ է շրջանառում «Պատարագից հետո» գրեթե եզրույթ դարձած արտահայտությունը: Ինչո՞ւ: Քանի որ գաղտնիք չի, որ հայ սփյուռքի դեմոգրաֆիկ պատկերը բավականին արագ փոփոխվում է: Օրինակ, հայը, որ Ցեղասպանությունից մազապուրծ ապաստան է գտել Լիբանանում, գործի բերումով տեղափոխվում է Սիրիա, իսկ ապա՝ Եվրոպա եւ այլն: Իսկ որտե՞ղ է, որ ծանոթանում է իր ազգակիցներին: Իհարկե՝ եկեղեցում եւ հատկապես Պատարագից հետո:

Եկեղեցու դերը թե’ սփյուռքում, իսկ ես կասեի այսօր նաեւ հայրենիքում՝ ազգապահպանության գործում անուրանալի է:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամբողջ աշխարհում ունի թեմեր, որոնք իրենց տարածաշրջաններում ջանք չեն խնայում, որպեսզի հայ երիտասարդին հետ պահեն ձուլման, ազգամոռացման, եկեղեցամոռացման և ուծացման խնդրից:

-Ի՞նչ նոր հորիզոններ ունի նվաճելու ՀԵՀԵՄ-ն առաջիկայում:

-Այս տարվա նոյեմբերի 2-3-ը հրավիրել ենք ամբողջ աշխարհում սփռված մեր թեմական երիտասարդական կառույցների նախագահներին (ատենապետներին)՝ մասնակցելու Ատենապետաց ժողովին՝ ակնկալելով լսել և քննարկման հարթակ բերել առաջիկա տարի իրականացվելիք ծրագրերը՝ կենտրոնական գրասենյակ ներկայացնելով նաեւ իրենց թեմերի երիտասարդաց միությունների պատասխանատուների կողմից բերված ծրագրերը: Փակագծերը բացելով՝ միանգամից ասեմ, որ քննարկման նյութ է լինելու ՀԵՀԵՄ ընդհանուր ուղենիշը, ինչպես նաև՝ 2020-ին կայանալիք տարածաշրջանային միջոցառումների հարցը, որոնց շրջանակում շրջայցեր կիրականացվեն դեպի Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Մերձավոր Արեւելք և այլն:

Պետք է բոլորով միասին նախապատրաստվենք 2021-ին կայանալիք «Դեպի Սուրբ էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» մեծ ուխտագնացությանը:

Աստված պահապան բոլորիս:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Yandex.Metrica