• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Ճանաչիր Ինձ, երիտասարդը»՝ ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաների և ուսուցիչների համար

Սույն թվի ապրիլի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորh  Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Ճանաչիր Ինձ, երիտասա՛րդ» ՀԵՀԵՄ աստվածաշնչյան դասընթացը՝ Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) եկեղեցիների (Սուրբ Երրորդություն, Սուրբ Աննա, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին, Ավանի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Էրեբունի համայնքի) կիրակնօրյա դպրոցների ավագ խմբերի աշակերտների և ուսուցիչների համար։

Երեխաները ոչ միայն դասընթացի մասնակիցներ էին, այլև՝ ընթացքն ապահովողներ: Այն ամբողջությամբ անցկացվեց ինտերակտիվ մեթոդով. մասնակիցները ոչ միայն իրենք էին գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում հարցեր:

Ծրագրի հեղինակը և դասընթացավարը ՀԵՀԵՄ Տեղեկատվական հարցերով պատասխանատու Արաքս Պողոսյանն էր։

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ծրագիրը մեթոդական ուղեցույց է, որը նպատակ ունի օգնել երիտասարդներին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվելու սուրբգրային տեքստերն ընթերցելիս:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԵՀԵՄ Գրասենյակում իր ծառայությունն անցկացնող Բարեշնորհ Գրիշա սարկավագ Հարությունյանը և ներկաներին փոխանցեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի օրհնությունն ու բարեմաղթանքները։ Այնուհետև միասնական աղոթքով մեկնարկեց դասընթացը։ Այն անցավ երեխաների ակտիվ մասնակցությամբ՝ հարց ու պատասխան սկզբունքով։ Հատկապես մեծ ակտիվությամբ աշակերտները մասնակցեցին դասընթացը ժամանակ առ ժամանակ ընդմիջող ինտելեկտուալ-հոգևոր խաղերին և վիկտորինային։

Դասընթացի ավարտին ԱՀԹ ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով և հույս հայտնեց, որ դասընթացից ստացած գիտելիքները երեխաները կօգտագործեն իրենց ողջ կյանքի ընթացքում։

Բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ խաղերի հաղթողներին՝ ՀԵՀԵՄ մրցանակներ։

Դասընթացին իրենց մասնակցությունը բերեցին ՀԵՀԵՄ կամավորներ Դիանա Շախբազյանը և Էլեն Ծատուրյանը։

Լուսանկարները՝ Էլեն Ծատուրյանի