• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ. Նարեկ Պապիկյան

Ես և ընկերս՝ Հմայակը, միասին որոշեցինք մասնակցել ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը։ Մինչ այս ուխտագնացությունը չգիտեինք ՀԵՀԵՄ-ի մասին։ Երկօրյա դասընթացի շնորհիվ ես իմացա, թե ինչ կարևորություն ունեն քրիստոնեական երիտասարդական աշխատանքը և երիտմիությունները։ Որոշեցի, որ մեր եկեղեցին էլ պետք է ունենա իր երիտմիությունը։

Մայր Աթոռում առաջին անգամ էի։ Շատ տպավորված եմ։ Հետաքրքիր զգացողություն էր կաթողիկոսին այդքան մոտ գտնվելը և նրան հարցեր տալը։ Շրջայցերի ընթացքում ծանոթացա Սևանավանքի խաչքարերի պատմությանը և հասկացա, որ մեր նախնիներն ամեն ինչ արել են այդ արժեքները թշնամուց պաշտպանելու համար, և դա պարտավորեցնող է։

Հայաստանում մարդիկ շատ ջերմ են։ Նույնիսկ անծանոթ մարդիկ են քեզ հարազատ թվում։ Կարծում եմ՝ Սփյուռքում ապրող հայերին ոչ թե պետք է միավորելու ջանքեր գործադրել, այլ՝ նրանց հայրենիք ուղղորդելու ծրագիր մշակել։ Անել այնպես, որ երիտասարդներն իրենց գտնեն հայրենիքում, հակառակ դեպքում նրանք վաղ թե ուշ ձուլվելու են։ Եվ չմոռանանք, որ մեր պապերի գերեզմանները այստեղ են, և մենք դրանք պահպանելու պարտավորություն էլ ունենք։ Մեր եկեղեցու քահանան միշտ ասում է. ‹‹Մի՛ մոռացեք, որ ձեր թիկունքում մի մեծ զորք է կանգնած››,- նկատի ունի մեր նախնիներին։

Նարեկ Պապիկյան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ, ք. Դոնի Ռոստով