• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Իմ փոքրիկ հոգևոր հաղթանակը

Ես ծնվել եմ քահանայի ընտանիքում։ Բայց 14 տարեկանում, երբ ապրում էինք Ֆրանկֆուրտում, սկսեցի կասկածի տակ առնել այն հավատը, որն իմ մեջ սերմանվել էր մանկուց։ Ինձ դպրոցում սովորեցնում էին կասկածի տակ առնել այն ամենը, ինչի շուրջ նախկինում մտածում էի կամ ինչին հավատում էի:
Ես սկսեցի շատ կարդալ և անվերջ բանավիճում էի մեր համայնքի մյուս երիտասարդների հետ: Ես շատ հարցեր տվեցի և ստացա պատասխաններ ու վերջապես հաստատվեցի հավատի մեջ։

Մեր դասարանում 13 աղջիկ կար, բայց Աստծո գաղափարը նրանց համար կատակի թեմա էր: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը տեսնում էր, որ ճաշից առաջ գլուխս խոնարհում եմ աղոթքի, ընդհանուր քրքիջ էր լսվում։ Սակայն զարմանալի էր, որ հենց դասընկերներիցս մեկը տառապում էր, ես էի այն մարդը, ում մոտ նրանք մխիթարություն էին փնտրում՝ արցունքներից ուռած աչքերով։

18 տարեկանում ես մեկ տարի անցկացրեցի մեր անգլերենի ուսուցչի ընտանիքում՝ որպես իմ պրակտիկայի մաս: Շատ տարիներ առաջ ուսուցիչը հրաժարվել էր Աստծո հանդեպ իր հավատից և հիմա կարծես կատարյալ հնարավորություն էր ստացել սիրտը հովացնելու՝ բուժելու քահանայի աղջկան առ Աստված ունեցած իր հնաոճ հավատքից:

Նրա «թերապիան» սկսվեց ճաշի սեղանի մոտ։ Ես մտածում էի ուտելուց առաջ լուռ, աննկատ աղոթել, բայց զգում էի, որ դրանով դավաճանում եմ Աստծուն: Նախ սեղանակից երեխաները հարցրին, թե ինչու եմ լռել ու գլուխս խոնարհել:

6-ամյա որդու արձագանքն ամենասադրիչն էր. նա միտումնավոր ընդօրինակեց ինձ։ Երեխաների մայրն իրեն անհարմար վիճակում զգաց, քանի որ ցանկանում էր երեխաներին հանդուրժողականության վարժեցնել։ Իսկ հայրը՝ իմ ուսուցիչը, միայն ներողամտորեն ժպտաց և օգտագործեց աղոթքիս կարճ պահը հաջորդ կոշտ հարցերը մտածելու համար, որոնցով կփորձեր խոցել ինձ:

«Սիլվիա, ի՞նչ է ուտում առյուծը դրախտում», կամ՝ «Որտղի՞ց Կայենն իրեն համար կին գտավ», կամ՝ «Եթե Աստված ամենակարող է, կարո՞ղ էր ստեղծել այնպիսի հսկայական քար, որն ինքը չկարողանար տանել»:

Մեկ անգամ չէ, որ թվաց, թե ուտելիքի առաջին պատառը մնաց կոկորդիս մեջ։ Առավոտյան արթնանում էի՝ միասին ճաշելու մտքից արդեն նյարդայնացած։
Երեկոյան, երբ ես ծնկի էի գալիս իմ փոքրիկ ձեղնահարկի սենյակում, այսպես էի աղոթում. «Աստված, խնդրում եմ, օգնիր ինձ, տուր ինձ այնպիսի պատասխաններ, որոնք նրանց կստիպեն մտածել»:

Ես երբեք չեմ մոռանա իմ ուսուցչի հեգնական քմծիծաղը, երբ նա մի անգամ ասաց. «Սիլվիա, ի՞նչ կանես, եթե հանկարծ պարզես, որ իրականում հարություն չկա, մինչդեռ ամբողջ կյանքդ վատնել ես այդ կրոնական աղբի վրա»:
Բերանս հանկարծ չորացավ, բայց ես պատասխանեցի. «Եթե իսկապես հարություն չկա, ապա ես դրա մասին չեմ իմանա, քանի որ մեռած կլինեմ։ Բայց եթե հարություն լինի, ի՞նչ կանեք Դուք։ Ի՞նչ կասեք, եթե կանգնեք Արարչի առաջ»:
Ինքնագոհ ժպիտը անհետացավ նրա դեմքից, երբ արտաբերեցի այդ խոսքերը։ Նա ներողություն խնդրեց և դուրս եկավ սենյակից։ Դա վերջին անգամն էր, որ նա իմ պրակտիկայի ընթացքում բացահայտորեն հակադրվեց իմ հավատքին:

 

Քրիստոնեական վկայություններ