• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Մենք էլ ենք եղածի պատասխանատուն»․ իտալացի հյուրեր՝ ՀԵՀԵՄ-ում

Օգոստոսի 9-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ում կայացավ հանդիպում իտալացի միջազգային լրագրող Դանիելե Բելլոկիոյի և Նեապոլի Սան Թոմազո համալսարանի դասախոս, մենագիր, փիլիսոփա և գիտնական Ռոզաննա Նինիվաջիի հետ։ Ի դեպ, Դանիելեն իտալացի միակ լրագրողն է, ով օբյեկտիվորեն և լայնորեն է լուսաբանել  44-օրյա Արցախյան պատերազմը, իսկ Ռոզաննան անցյալ տարվա ապրիլին Իտալիայից կազմակերպել էր Արցախի հուշարձաններին նվիրված միջազգային սիմպոզիում։

ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը սիրով լսարանին ներկայացրեց հյուրերին։ Վարժ տիրապետելով իտալերենին՝ Հայր Սուրբը նաև ապահովեց զրույցի իտալերեն թարգմանությունը։  Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ՀԵՀԵՄ-ական երիտասարդները, այլև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և լրագրող ուսանողներ։

-Ինձ համար լրագրող լինելը նշանակում է լինել վկա։ Պատերազմ լուսաբանող լրագրողը ոչ թե հաշվում է՝ քանի արկ ընկավ, այլ՝ քանի մարդու կյանք խեղվեց։ Նա պիտի պատմի մարդու և կյանքի հարաբեության մասին, — ասաց Դանիելե Բելլոկիոն՝ համոզմունք հայտնելով, որ   մարդկանց հետ շփումից է փոխվում կոնֆլիկտի պատմության նկարագրությունը։ Նա ցավով նկատեց, որ կովիդի դեմ պայքարն ավելի լուսաբանվեց, քան իրական պատերազմը։

-Ես իմ գործը համեմատում եմ մակընթացության հետ։ Երբ ջուրը հետ է քաշվում, նոր ես տեսնում վնասի չափը, որի մասին սկսում ես պատմել։ Իմ և Եռաբլուրում հանգչող երիտասարդների ճակատագրի միջև տարբերությունն այն է, որ նրանք զոհվեցին, իսկ ես՝ ոչ, և ողջ ու առողջ վերադարձա Իտալիա, — զուգահեռներ անցկացրեց ռազմական թղթակիցը՝ համոզմունք հայտնելով, որ պատերազմը մի էջի փակման և նոր էջի բացման հնարավորություն է նաև։

Ռոզաննա Նինիվաջին իր հերթին, որպես գրող և փիլիսոփա, խոսեց մարդու որպես անհատի և ճշմարտության որոնման, նաև մտքի ազտագրման մասին․ «Այն, ինչը լուսաբանում է Դանիելը՝ արկեր, ռումբեր, դրանք նախ ծնվում են խոսքի ոլորտում։  Նախքան դրանք կտեղային, ձեր մտքի մեջ տեղի ունեցավ ճշմարտության խեղաթյուրում, և լուծումը մարդկային մտքի հետ աշխատանքի մեջ է»։

Ռոզաննան հայ ժողովրդին չի դիտում որպես ցեղասպանված ազգ, այլ մի ազգ, որը Արևմուտքին շատ բան ունի սովորեցնելու՝ ինքնության ճանաչողության առումով, որը, ցավոք, իրենք կորցրել են։

«Մենք էլ պատասխանատու ենք տեղի ունեցած ողբերգության և սրբապղծության համար։ Մենք պարտավոր ենք ճշմարտության կողքին լինել»,- ասաց Ռոզաննան՝ որպես լուծում տեսնելով կարևոր հարցերի բարձրացումը բոլոր կրթական կառույցների միջոցով։ Իսկ այդ հարցերը, ըստ նրա, բովանդակվում են հետևյալի մեջ՝ Դիոգնեսը լապտերը ձեռքին մարդ էր փնտրում օրը ցերեկով՝ հարցնելով՝ ու՞ր ես, մա՛րդ, իսկ Աստված Կայենին հարցրեց՝ ու՞ր է քո եղբայր Աբելը։

-Մարդկությունը միշտ պիտի փնտրի այս հարցերի պատասխանը,- ավելի քան համոզված է գրողն ու փիլիսոփան։

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի և էլեն Ծատուրյանի