• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կորդոբայում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ընդառաջ Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմերի հրավերի շարունակվում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։

Ներկա պահին Հայր Թովման գտնվում է Արգենտինայում, որտեղ երեք քաղաքներում՝ Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես,  նախատեսված է ֆորումների անցկացում։

Մայիսի 10-ին ՀԵՀԵՄ թեմական ֆորում անցկացվեց Ռոզարիո քաղաքում։

Մայիսի 12-ին Հայր Սուրբը, ուղեկցությամբ Արգենտինայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Առեն վարդապետ Շահենյանի, Ռոզարիոյից ժամանեց Կորդոբա։

Նույն օրը Կորդոբայի Բաքիրջյան սրահում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը՝ տեղի հայ համայնքի երիտասարդների մասնակցությամբ։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսահոլովակների ձևաչափով ֆորումի մասնակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, հոգևոր–երիտասարդական ծրագրերն ու տեղեկատվական հարթակները։ Առանձին տեսանյութով ներկայացվեցին 2022թ․-ին արդեն իսկ կայացած ՀԵՀԵՄ տարածաշրջանային և թեմական ֆորումները։

Այնուհետև երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերհանել հայապահպան, հավատապահպան  և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան և իրականացվեց կարիքների գնահատում։

Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռից բերված խաչեր։

Կորդոբայում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդիպեց տեղի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նահապետ քհն. Կարապետյանի, ինչպես նաև տեղի Հայ կենտրոնի նախագահ Լիլիա Բալյան-Մերդինյանի և Կորդոբայում ՀՀ պատվո հյուպատոս Խուան Կառլո Մերդինյանի հետ։

Հայր Թովման տիկ․ Լիլիա Բալյան-Մերդինյանի հետ միասին այցելեց Կորդոբայի Ս․ Սահակ և Ս․ Մեսրոպ դպրոց՝ Վեհափառ Հայրապետի և Սուրբ Էջմիածնի օրհնությունները փոխանցելով դպրոցի սաներին։ Հայր Սուրբը դպրոցի տնօրինությանն իր շնորհակալությունը հայտնեց սաներից ապագա ՀԵՀԵՄ-ականներ ստանալու գործում ներդրած ջանքերի համար։

Հայր Սուրբը հյուրընկալվեց նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մասնաճյուղում և Հայ Մարմնամարզական Միության (ՀՄՄ) «Անդրանիկ» ակումբում։

 

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո) ՀԵՀԵՄ  թեմական ֆորումը։