• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մի անգամ ծննդատանը

(Պատմվածք)

Մարինան իմ սենյակակիցն էր։ Աղջիկը կլիներ մոտ տասնութ տարեկան։ Երիտասարդ մայրիկը հմտորեն էր վարվում իր նորածին դստրիկի հետ: Մեր ծննդաբերելու երկրորդ օրն էր։ Մենք նրա հետ ծննդաբերեցինք գրեթե նույն ժամին, երկու ժամ տարբերությամբ։ Իմ երկրորդ ծննդաբերությունն էր, և ես նույնպես աղջիկ էի ունեցել։

— Սվետա, կնայե՞ք իմ Անյուտկային, տատիկս է եկել ինձ տեսնելու, — դիմեց ինձ Մարինան։

-Լավ, կնայեմ, վազիր տատիկիդ մոտ:

Մարինկան ուրախությամբ վազեց ներքև։ Նորաթուխ մայրիկը ոչնչով չէր տարբերվում մյուս երջանիկ մայրիկներից. նրա աչքերը փայլում էին երջանկությունից: Նա անընդհատ համբուրում էր նորածին դստերը՝ Անեչկային, որին քնքշորեն <<արև>> էր կոչում։ Ամեն ինչ հրաշալի էր, քանի դեռ Մարինային չէր զանգահարել իր փեսացուն:

— Մարինա, ես երկար ժամանակ չէի կարողանում քեզ ասել այդ վիճակում, ես վախենում էի քեզ տխրեցնել, բայց հիմա արդեն որոշել եմ…

— Եգոր, ի՞նչ է պատահել,- վախեցած հարցրեց Մարինան։

— Մենք պետք է բաժանվենք։ Արդեն երեք ամիս է՝ ես ուրիշին եմ սիրում։

-Եգո՛ր, — ճչաց հեռախոսի մեջ Մարինան, — մենք աղջիկ ենք ունեցել։ Իսկ մեր հարսանի՞քը։ Ախր խոստացար, որ մենք ընտանիք կդառնանք, — աղջիկը հեկեկում էր։

-Ես ուղղակի չէի ուզում քեզ նեղացնել…

Զանգն ավարտվեց։ Եվ նրա հետ ավարտվեց նաև Մարինայի երջանկությունը։ Աղջիկը կես օր պառկած՝ նայում էր առաստաղին՝ համարյա ուշադրություն չդարձնելով դստերը։ Որոշ ժամանակ անց Մարինան զանգահարեց մորը և խնդրեց գալ։ Մեկ ժամ անց Մարինկան վազեց մոր մոտ։ Իսկ քառասուն րոպե անց նա վերադարձավ և պահանջեց գլխավոր բժշկին հրավիրել իր մոտ։

— Նատալյա Սերգեևնա, ես հրաժարվում եմ իմ աղջկանից,- չոր նետեց Մարինան։

— Ի՞նչ ես խոսում։ Ի՞նչ է պատահել, – տարակուսանքով հարցրեց բժիշկը։

-Ես Անկային տանելու տեղ չունեմ: Այսքանը: Նախկին նշանածս հրաժարվեց մեզանից։ Մեր ունեցածը մեկ սենյականոց բնակարան է, որտեղ ապրում եմ մորս և խորթ հորս հետ։ Երեխայի համար այնտեղ տեղ չկա, — բացատրեց աղջիկը:

-Մարինա, դու հետո ողջ կյանքում կզղջաս քո արարքի համար: Երեխան խաղալիք չէ: — Նատալյա Սերգեևնան փորձում էր ինչ-որ կերպ համոզած լինել:

-Ես ամեն ինչ որոշել եմ։ Ես միայնակ մայր չեմ լինի։ Իմ կյանքը նոր է սկսվել։ Հեռացրե՛ք երեխային այստեղից և տվեք ստորագրեմ հրաժարակաս։

Նատալյա Սերգեևնան և մյուս բժիշկներ մեկ անգամ չէ, որ փորձեցին զրուցել աղջկա հետ, բայց՝ ապարդյուն։ Աղջիկն անդրդվելի էր։ Ավելին, Մարինայի մայրը ևս դեմ էր, որ Մարինան թոռնուհու հետ ապրի իրենց բնակարանում։

Հաջորդ օրը Մարինային դուրս գրեցին։ Իսկ հետո ծննդատանը տեղի ունեցավ հետեւյալը՝ եկավ Մարինայի տատիկը ու պահանջեց իրեն տալ իր ծոռնուհուն։

-Վարվառա Սեմյոնովնա, ավաղ, բայց օրենքով մենք չենք կարող Ձեզ երեխա տալ։ Ցավոք, Դուք այլեւս այն տարիքում չեք, որ երեխային լիարժեք դաստիարակություն ապահովեք։ Ձեր բնակելի տարածքը ևս հարմար չէ փոքրիկի ապրելու համար:

Պարզվեց, որ Վարվառա Սեմյոնովնան միակ մարդն էր, ով մտածում էր Անյուտկայի մասին։ Նա մեկ անգամ չէ, որ վազեց դստեր և թոռնուհու մոտ՝ արցունքն աչքերին, և խնդրեց մենակ չթողնել փոքրիկ Անեչկային։ Չէ՞ որ դա իրենց հարազատ արյունն էր: Բայց մայրը, ինչպես և ինքը՝ Մարինան, անհաղորդ ու անդրդվելի էին։

-Դու, մայրիկ, քանի՞ տարեկան ես: Այսօր չէ, վաղը կմեկնես այս աշխարհից, իսկ մե՞նք ինչ պիտի անենք: Մի նորմալ ապրելու տեղ չունենք, կոպեկներ ենք ստանում։ Միայն հացի է հերիքում։

— Դե ուրեմն եկեք ձեզ իմ սենյակը տամ, դուք այն կվաճառեք ու կընդլայնեք բնակելի տարածքը, — Վարվառա Սեմյոնովնան չէր հանձնվում:

-Իսկ դու՞ որտեղ ես պատրաստվում ապրել,- զարմացան Մարինան և մայրը։

-Մի տեղ կգտնեմ։ Ծերանոց կգնամ։- Վարվառա Սեմյոնովնան ամեն ինչի պատրաստ էր, միայն թե Անյուտային վերցնեին։

-Լավ, վերջ տուր հիմարություններին: Քո բնակարանը էսպես թե էնպես, վաղ թե ուշ մերն է լինելու։ Քեզ է պետք, դու էլ վերցրու,-  սառը պատասխանեց Մարինայի մայրը։

Վարվառա Սեմյոնովնան սկսեց ամեն օր հերթապահել ծննդատան առաջ՝ նորից բժիշկների հետ խոսելու հույսով։ Բայց բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Եվ ես որոշեցի։ Երբ ամուսինս եկավ ինձ տեսնելու, ես սկսեցի նրա հետ խոսել երեխայի մասին։ Նրան պատմեցի մի պատմություն, որը մի բուժքույր էր ինձ պատմել:

— Սաշա, իսկ եթե Անյուտկային տանենք մեզ մոտ: Մենք նրան կմեծացնենք սեփական երեխայի պես: Եվ Անեչկայի մեծ տատիկը կուրախանա։ Կայցելի մեզ և մեզ հետ միասին կխնամի նրան:

Այսպիսով, մեր ընտանիքը համալրվեց երրորդ երեխայով։ Ավագ որդիս՝ Մաքսիմկան, և երկու դուստրերս՝ Մաշան և Անյան։ Բացի այդ, մեր տանը տատիկ հայտնվեց, որը ոչ միայն Անյուտկայի հետ էր շփվում, այլև մեր բոլոր երեխաներին հարազատի պես էր ընդունում։ Նա դադարեց շփվել իր ընտանիքի հետ։ Երբ մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը և տուն գնել, Վարվառա Սեմյոնովնան նույնպես որոշեց վաճառել իր սենյակը և մեծացնել մեր տան տարածքը։ Տատիկն այժմ մեզ հետ է ապրում: Մենք շատ ուրախ ենք, քանի որ ձեռք ենք բերել երկու հրաշալի մարդկանց՝ Անյուտկային և Վարյա տատիկին, որոնք դարձան մեզ հարազատ ու սիրելի: Մենք երբեք չենք խոսում Մարինայի և նրա մոր մասին։ Աստված նրանց դատավոր։

 

Անհայտ հեղինակ

«Հոգեշահ պատմություններ»

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի