• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Եկեղեցու շնորհալիները․ Միքայել Հարությունյան

Միքայել Հարությունյանը նկարել  սկսել է 10 տարեկանից:  Ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020թ.- ից  Հայաստանի նկարիչների միության անդամ է:  Մասնակցել է  հանրապետական և  միջազգային շատ մրցույթների և ցուցահանդեսների:

2021 թ. ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպված  «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:

2021 թ. հեղինակավոր «Figurativas – 2021» ֆիգուրատիվ մրցույթում նրա նկարը ճանաչվել է լավագույններից մեկը և 4 ամիս ցուցադրվել Բարսելոնայի Ժամանակակից Արվեստի Եվրոպական Թանգարանում (MEAM of Barcelona):

2019 թ.  Լոնդոնի Ազգային Դիմանկարի Թանգարանի (National Portrait Gallery) կազմակերպած ”BP Portrait Award” միջաղգային ամենահեղինակավոր  դիմանկարի  մրցույթում  իր  ներկայացրած  դիմանկարը  84 երկրներից  ներկայացված 2.538   աշխատանքներից  ճանաչվել է լավագույն 100  դիմանկարներից մեկը:

2018 թ. Իտալիայի  Սալեռնո  քաղաքում  արժանացել  է  ”Arte Salerno” միջազգային  մրցույթի  «Քննադատների»  մրցանակին:

2017 թ. «Հայաստան»  կտավի  համար արժանացել է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» մրցանակի՝  դառնալով  ամենաերիտասարդ  Թեքեյան  մրցանակակիրը:

2017 թ.  Եկատերինբուրգում ԱՊՀ  երկրների 12-րդ միջազգային  երիտասարդական  Դելփյան խաղերին  «Գեղանկարչություն»  անվանակարգում  արժանացել եմ 1-ին տեղի  և ոսկե  մեդալի:

Միքայել Հարությունյանն անհատական  ցուցահանդեսներ է  ունեցել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (2018թ., Էջմիածին), Հայաստանի  Գեղարվեստի պետական  ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան»  ցուցասրահում (2012թ., Երևան),  Առնո  Բաբաջանյանի  անվան  ֆիլհարմոնիայի  Փոքր դահլիճի  ցուցասրահում  (2011թ., Երևան),  ՀՀ  Ճարտարապետների միությունում  (2010թ., Երևան):

ՄԻքայելի նկարները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում (Ֆրեզնո), Մոսկվայի հայկական թանգարանում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում:

Նրա «Վարդապետը» և «Մկրտիչ Խրիմյան» կտավներով 2019թ. և 2020թ.-ին «Արցախփոստի»  կողմից  թողարկվել են նամականիշներ և փոստային բացիկներ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին և Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսին:

Միքայելի աշխատանքները գտնվում են աշխարհի 16 երկրներում՝ տարբեր անհատ կոլեկցիոներների մոտ:

ՄԻքայել Հարությունյանի մասին  բազմաթիվ հոդվածներ են տպագրվել ամերիկյան, ֆրանսիական և  հայկական  ամսագրերում:

«Եկեղեցու հանդեպ սերս փոքր տարիքից է գալիս: Տարիներ անց առիթ ստեղծվեց հանդիպելու Վեհափառին: Հայր Ասողիկի առաջարկով և Հայր Անանիայի օգնությամբ հանդիպեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և դա առավել ամրապնդեց իմ կապը եկեղեցու հետ: Հետագայում Վեհափառի առաջարկությամբ և օրհնությամբ ստեղծվեցին մի շարք գեղանկարներ Մայր Աթոռի համար։ Առանձնահատուկ է Հայրապետական շարքը, որ այժմ Նոր Վեհարանի սրահներից մեկն է զարդարում: Ինչպես նաև «Վարդապետը» կտավը՝ նվիված Կոմիտաս վարդապետին: Լիահույս եմ, որ այսպիսի շատ գաղափարներ Վեհափառի օրհնությամբ կյանքի կկոչվեն դեռ»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայելը։