• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սուրբ Ծննդյան տնակը»․ Գրքի շնորհանդես ՀԵՀԵՄ ԿԳ-ում

 

Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ՝ դեկտեմբերի 26-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում կայացավ ՀԵՀԵՄ երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԵՊ առարկայի ուսուցիչ, Ս․ Զորավոր եկեղեցու ծխական խորհրդի և Տիկնանց միության անդամ Տաթևիկ Պետրոսյանի «Սուրբ Ծննդյան տնակը» գրքի շնորհանդեսը։ Նշենք, որ 2020թ․-ին այս գործը որպես պիես է բեմականացվել Ս․ Զորավոր եկեղեցու համայնքի ուժերով։

-Իմ անձը չէ, որ պիտի գովվի, այստեղ մի Անձ կա՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով ուժ ու շնորհ է տալիս նման ձեռնարկները սկսելու և ավարտին հասցնելու համար,- իր խոսքում նշեց տիկին Տաթևիկը։ Երեխաներին և մեծերին ուղղված իր գրքի պատգամը մեկն է՝ ապրել Քրիստոսակիր կյանք և մեծագույն ավետիս համարել մեր կյանքում Սուրբծննդյան ավետիսը։ Համանուն ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած Արեգը ևս ներկա էր շնորհանդեսին։

Նա խոստովանեց, որ այդ դերն իր կյանքում շատ բան փոխեց և որ ամենակարևորն է՝ իր համար պարզեց ներկայացման մեջ շարունակ հնչող հարցը՝ ի՞նչ է Սուրբ Ծնունդը։

Շնորհանդեսին ՀԵՀԵՄ երիտասարդական երգչախումբը հանդես եկավ սուրբծննդյան երգի կատարումով, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Տաթևիկ Պետրոսյանն էր։

Ելույթ ունեցան նաև Արեգի մայր՝ Նարինե Տոպոլյանի ՆԱՆԵ պարային համույթի սաները։