• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ուրուգվայում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ընդառաջ Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմերի հրավերի շարունակվում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։

Մայիսի 16-ին Հայր Թովման, ուղեկցությամբ Արգենտինայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Առեն վարդապետ Շահենյանի, ժամանեց Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաք։ Այստեղ կայացավ հանդիպում Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի և  Թեմական վարչության ներկայացուցիչ Կարապետ Հեքիմյանի հետ։

Նույն օրը Մոնտեվիդեոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին  Ուրուգվայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին Գերաշնորհ Հովնան Սրբազանի տեսաուղերձները՝ հասցեագրված Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։

Հայր Թովման հանդես եկավ «ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով բանախոսությամբ, ինչպես նաև Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսանյութերի ձևաչափով ներկայացրեց  ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, կատարված աշխատանքը և իրականացվող հոգևոր–երիտասարդական ծրագրերը։

Երիտասարդները նախապես կազմված  հարցաշարի օգնությամբ վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։

 Ավարտին ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռից բերված խաչեր։

Ֆորումին ներկա էին նաև Մոնտեվիդեոյի «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը և Թեմական վարչության ներկայացուցիչ Կարապետ Հեքիմյանը։

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես), Ուրուգվայում (Մոնտեվիդեո) ՀԵՀԵՄ թեմական ֆորումները։