• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Սուրբ Էջմիածնի ճարտարապետությունը երկնային ծագում ունի»

Կաթողիկե Սուրբ էջմիածնի տոնը Մայր Աթոռում ավարտվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» գրքի շնորհանդեսով, որ տեղի ունեցավ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում:

«Սուրբ Էջմիածնի ճարտարապետությունը երկնային ծագում ունի»,- հանդիսականներին ուղղված իր խոսքում նշեց Հայր Թովման: Ինչպիսի՞ն է եղել ի սկզբանե Էջմիածնի Մայր Տաճարը՝ բազիլի՞կ, թե՞ կաթողիկե:

-Թե՛ ճարտարապետության վերաբերյալ կանոնները, թե՛ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մեջ եղած ճարտարապետական յուրահատկությունների ուսումնասիրությունը և թե՛ այլ գիտնականների պնդումները միանշանակ թույլ էին տալիս ի մի բերելու այն հիմնական թեզը, որը որ վերաբերում էր ի սկզբանե Մայր Տաճարի խաչաձև գմբեթավոր տեսակով կառուցված լինելուն: Գմբեթավոր եկեղեցական տեսակը հիմնականում երկնքի խորհրդանիշն ունի, այսինքն՝ մեր կապը երկնքի և Աստծո հետ է: Մայր Տաճարի առաջին գմբեթավոր քրիստոնեական տաճար լինելու փաստով մենք ի սկզբանե արձանագրում ենք, որ գմբեթն իբրև երկնքի խորհրդանիշի գաղափարը մարդկությանը տվել է հայ միտքը»,- համոզմունք հայտնեց մենագրության հեղինակը: