• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Համայնք և երիտասարդություն». Երկօրյա դասընթաց ՀԵՀԵՄ-ում

Հոկտեմբերի 20-ին և 21-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակն իր ընտանեկան հարկի ներքո էր հավաքել ՀԱԵ Հայաստանի և Արցախի թեմերից երկու տասնյակից ավելի երիտասարդների և հոգևոր սպասավորների: Առիթը «Համայնք և երիտասարդություն» երիտասարդական վերապատրաստման դասընթացին մասնակցությունն էր:

Դասընթացավարն ու հիմնական բանախոսը ՀԵՀԵՄ ԿԳ Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատող Անգելինա Ալեքսանյանն էր: Վերապատրաստման նպատակը թվով շուրջ 23 երիտասարդ մասնակիցներին աշխատանքային հմտություններ փոխանցելն էր, ինչը կօգներ նրանց իրենց համայնքներում ստեղծել կամ զարգացնել տարբեր եկեղեցակենտրոն կառույցներ՝ պատանիների, երիտասարդների, տիկնանց միություններ, կիրակնօրյա դպրոցներ և համայնքային կյանքը խթանող այլ նախաձեռնություններ: Նշենք, որ թեմական երիտասարդների հավաքագրման, կազմակերպչական աշխատանքները համակարգեց ՀԵՀԵՄ ԿԳ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը։

Հանդիպումը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հայր Թովմայի ողջույնի և օրհնության խոսքով: Հաջորդիվ դասընթացավարը ծանոթություն-խաղ կազմակերպեց միմյանց անծանոթ երիտասարդների միջև, ինչի շնորհիվ ջերմ և ընկերական միջավայր ձևավորվեց: Տարատեսակ խաղերը միտված էին երիտասարդների մասնակցայնությունը բարձրացնելուն և սովորեցնելուն, թե ինչպես երիտասարդը խաղի միջոցով ներգրավվի հասարակական, այդ թվում՝ հոգևոր կյանքում: ՀԵՀԵՄ ԿԳ երիտասարդական աշխատողը կարևորեց ոչ ֆորմալ կրթության դերը ժամանակակից երիտասարդի կյանքում: Ոչ ֆորմալ կրթություն կարող ենք համարել նաև հոգևոր կրթությունը, սակայն որպեսզի երիտասարդը ձգտի լինել հոգևոր առումով գրագետ, ըստ Անգելինա Ալեքսանյանի, պետք է օգտագործել այնպիսի գործիքակազմ, որը նրան նախևառաջ կներգրավի համայնքային կյանքում: Ներկայացվեցին փորձված և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից կիրառելի մեթոդներ:

Այնուհետև նա անդրադարձավ երիտասարդական ոլորտի մի շարք հիմնախնդիրների, որոնցից, ըստ վիճակագրական տվյալների, հատկանշական են գործազրկության, հաշմանդամության, երիտասարդների կենսամակարդակի և առողջապահական խնդիրները: Որպես ՀԵՀԵՄ մոտիվատորներ, սեփական փորձառությամբ երիտասարդական լսարանի առաջ հանդես եկան Տաթևիկ Դունամալյանը և Սևակ Պապոյանը:

Տաթևիկը 16 տարեկանից կամավոր է և եղել է շուրջ 50 կազմակերպություններում: Նա խոսեց կամավորության և երիտասարդի կյանքում դրա կարևորության մասին: Անգամ հիմնական աշխատանք ունենալու պարագայում կամավորությունը, ըստ նրա, մեծ ռեսուրս է՝ հետագայում կրթության և աշխատանքի մեջ հաջողելու, առաջնորդության, նոր հմտություններ ու կարողություններ զարգացնելու առումով: Սևակ Պապոյանն իր հերթին անդրադարձավ ժամանակակից աշխարհում կրթական հարթակներից օգտվելու ձևերին: «Մեզ տրված է մեր նպատակներին հասնելու որոշակի ժամանակ, և մենք պիտի ճիշտ օգտագործենք այդ ժամանակը»,- համոզմունք հայտնեց երիտմոտիվատորը և սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչպես է տնօրինում իր կյանքի ժամանակը:

Դասընթացը գերհագեցած էր ճանաչողական խաղերով, խմբային առաջադրանքներով, բանավեճերով: Բաժանվելով փոքր թիմերի՝ երիտասարդներն իրենք առաջարկեցին լուծումներ այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են բավարարել իրենց կարիքները: Այդ լուծումների համատեքստում եկեղեցին դիտարկվեց որպես երիտասարդակենտրոն կառույց, որտեղ երիտասարդը կարող է գտնել աջակցություն, գիտի՝ ով է ինքը եկեղեցու համար և ինչ նպատակով է այդտեղ, հնարավորություն ունի իր ձայնը բարձրացնելու, խնդիրների մասին խոսելու, օգտակար լինելու և վերջապես գտնելու իր հոգու ներդաշնակությունը: Շիրակի թեմից երիտասարդաց միության ատենապետ, երեցկին Գոհարիկը լսարանին ներկայացրեց իրենց համայնքային ակտիվ գործունեության արդյունքները՝ բացիկներ, նվերների համար թղթից տոպրակներ, տարբերանշաններ և այլ ձեռքի աշխատանքներ: Իրացնելով դրանք՝ նրանք կարողանում են ստացված հասույթով բավարարել նաև եկեղեցական համայնքի կարիքները:

Ինչպես խոսել լսարանի առաջ, ինչպես լսելի դառնալ և պահել լսարանի ուշադրությունը: Այս հարցերին անդրադարձավ հաջորդ բանախոսը՝ ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական հարցերով պատասխանատու, լրագրող Արաքս Պողոսյանը: Շատ կարևոր է, որպեսզի լսարանին ընկալես որպես մերձավորների համախումբ՝ Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված, որպեսզի մեկմեկու վստահեք: Բանախոսը պետք է խոսի Աստծո խոսքի համաձայն և իր խոսքում հետևի Սոկրատի առաջադրած 3 ոսկե կանոններին՝ խոսել ճշմարիտը, օգտակարը և բարին: Թովմա վարդապետ Խաչատրյանը մասնակիցներին պատմեց ՀԵՀԵՄ ԿԳ-ի գործունեության մասին՝ վստահեցնելով, որ մենք բոլորս նույն մարմնի տարբեր անդամներն ենք, բայց լծված ենք նույն գործին:

Ավարտին բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնվեց: Երիտասարդները շատ տպավորված էին երկօրյա դասընթացից: Նրանց իսկ խոստովանությամբ՝ այն գերազանցեց իրենց բոլոր սպասելիքները: Նրանք նոր մեթոդներով զինված՝ իրենց համայնքներում դրանք գործնականում կիրառելու պատրաստակամություն հայտնեցին՝ երիտասարդական կյանքը խթանելու համար: Նյութը պատրաստեց

 


Տեսահոլովակները, պատկերաշարը և լուսանկարները՝ Էլեն Ծատուրյանի, Դիանա Շախբազյանի, Վիկա Առաքելյանի, Լիաննա Առաքելյանի 

Տիգրանուհի Ուրբեն
Տիգրանուհի Ուրբեն
Տեքստի հեղինակ