• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Տիրոջ Հարության բարի լուրը տարածողներ եղե՛ք. ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի ուղերձը

Սիրելի ՀԵՀԵՄ-ականներ,

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր ի Քրիստոս

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Հարության Տերը հարություն առավ մեռելներից։ Իր մահվամբ մահվանը հաղթեց։ Ջնջեց ադամական մեղքի պարտամուրհակը։ Այդուհետ սգավոր լինենք միայն մեր հոգևոր մահվան դեպքում։ Ամեն ինչ անենք, որպեսզի անմասն չմնանք Տիրոջ հարությունից և նորոգությունից։

Երիտասարդությունը ուժերի ծաղկման շրջան է, և նրան խորթ է մահվան գաղափարը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ևս երիտասարդ էր, երբ խաչի վրա կրեց սոսկալի չարչարանքները և, հանուն ձեզ պես երիտասարդների փրկության, մահը ճաշակեց։

Սիրելինե՛ր, իմաստավորեք ձեր երիտասարդության տարիները, օրերն ու ժամերը Տիրոջ պատվիրանների համաձայն և մի՛ տրվեք անհոգությանը, թե իբր դեռ երիտասարդ եք և կյանքը դեռևս առջևում է։ Ատե’ք մեղքը և ձեզ մեռած համարեք մեղքի համար, ինչպես Պողոս առաքյալն է ասում․ «Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահուան մատնեց ինձ համար» (Գաղատ․ 2; 2о)։

Սիրելիներ, թո՛ղ ձեր անձերի մեջ Քրիստոս բնակվի, ոչ թե մեղքը։ Թո՛ղ ձեր գործերով Քրիստոս փառավորվի։ «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։» (Ղուկ․ 10;2):

Տիրոջ հունձի մշակներ եղե՛ք, սիրելի՛ երիտասարդներ։ Առատապես գործածեք Աստծուց առած ձեր շնորհները։ Տիրոջ Հարության բարի լուրը տարածողներ եղե՛ք, հուսահատ սրտերին կյանքի կոչե՛ք Հարության Ավետիսով և ցնծացեք, երբ ի պատասխան ձեր տված Ավետիսի, լսեք․

«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Թովմա վարդապետ Խաչատրյան
Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն