• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Միլանում մասնակցեց Ս. Պատարագի

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը Հարավային Ամերիկա այցի ճանապարհին հյուրընկալվեց Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում և Արևմտյան Եվրոպայի հայրապետական  պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին՝ մատուցված ձեռամբ Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանի:

Նշենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Թովմա վարդապետ Խաչատրյանը շուրջ վեց ու կես տարի ծառայել է Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում: Ս. Պատարագի ավարտին հայր Թովման առիթ ունեցավ իր որդիական խոնարհումը հայտնելու Վեհափառ Հայրապետին՝ Միլանում ծառայության տարիների համար: Միաժամանակ Հայր Սուրբը  իր շնորհակալությունը հայտնեց Հայրապետական պատվիրակին՝ մշտական օրհնությունների համար, իսկ Հոգեշնորհ Հայր Տիրայրին՝ Իտալիայում եկեղեցական կյանքի պայծառացման, երիտասարդների և պատանիների հետ աշխատանքում լուրջ հաջողություններ գրանցելու և էկումենիկ շարժմանը նպաստելու համար:

Միլանից Հայր Թովման կմեկնի Բրազիլիայի Հայոց թեմ, որտեղ կանցկացվի երիտասարդական ծրագիր: Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը կշարունակի իր աշխատանքային այցը Արգենտինայի և Ուրուգվայի Հայոց թեմեր՝ այնտեղ ևս ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացնելու նպատակով:

 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։  Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե)  տարածաշրջանային ֆորումները։