• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Դուք ՀԵՀԵՄ-ի հրեշտակներն եք». Անդամություն, շնորհակալագրեր

ՀԵՀԵՄ մեծ ընտանիքը շարունակում է համալրվել: Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 23 նոր անդամներին անդամատոմսերի հանձնման և համաձայնագրերի ստորագրման արարողությունը: Մի շարք ՀԵՀԵՄ- ականներ էլ ստացան առջադիմության 6 կոչումներց 3-րդը՝ «Սերովբեք»: Նշենք, որ այն տրվում է անդամակցության առաջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած ակտիվության համար:

Հանդիսավոր արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով:  Հայր Թովման օրհնեց երիտասարդներին և կարևորեց նրանց միահամուռ աշխատանքը: Նա առանձին անդրադարձավ բոլոր բաժիններին և շնորհակալագրեր հանձնեց ՀԵՀԵՄ անդամներին՝ ըստ նրանց կատարած աշխատանքների: Շեշտելով երիտասարդների միասնական լինելու կարևորությունը՝ Հայր սուրբը մի առակ-պատմություն հիշեց վանականների կյանքից, երբ մի վանական հիվանդանում է և չի կարողանում ներկա գտնվել առավոտյան աղոթքին, նրա փոխարեն մի հրեշտակ է ներկայանում և այդ վանականին այդ օրը բացակա չեն դնում: «Այդպես էլ դուք պիտի լինեք, որովհետև դուք էլ ՀԵՀԵՄ-ի հրեշտակներն եք»,- ասաց նա: Այս առումով պատահական չէ նաև, որ ՀԵՀԵՄ-ականներին խրախուսելու և պարգևատրելու համար ընտրվել են հենց հրեշտակների կարգերին բնորոշ անվանումներ՝ Աթոռք, Քերովբեք, Սերովբեք և այլն: Հայր Թովման երիտասարդներին հորդորեց, որ նրանք ամեն բան ձգտեն անել սիրով՝ հոգի, կյանք և շունչ դնելով իրենց գործի մեջ:

Շնորհավորելով հին և նոր բոլոր անդամներին՝ ՀԵՀԵՄ ընտանիքի մաս կազմելու առիթով, Հայր Թովման նրանց հետագա հարաբերությունները համեմատեց գետափնյա կլոր քարերի հետ, որոնք այնքան էլ կլոր չեն եղել ի սկզբանե, բայց իրար հետ շփվելով՝ հղկվել և կլորացել են:

«Իրականում մենք ՀԵՀԵՄ-ի ճանապարհով ծառայում ենք Աստծուն, ինչն էլ բոլոր քրիստոնյաների թիվ մեկ նպատակն է: Եվ քանի որ Աստված որևէ բանի պետք չունի, ինքնաբավ է, մեզ պատվիրեց, որ մեր ծառայությունն իրեն մատուցենք՝ մեկս մյուսին ծառայելով: Այսպիսով, ծառայելով մեր հասարակությանը և երիտասարդությանը, մենք ծառայություն ենք բերում Աստծուն: Մենք ձեզ համար հոգ կտանենք, դուք էլ նույնը արեք ձեր տարեկիցների համար», — իր   խոսքը ամփոփեց Հայր սուրբը:

 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Լիաննա Առաքելյանի և Էլեն Ծատուրյանի

Տիգրանուհի Մարգարյան
Տիգրանուհի Մարգարյան
հեղինակ