• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Հոգևոր-եկեղեցական լրագրություն․ Դասընթաց ՀԵՀԵՄ-ում

ՀԵՀԵՄ ԿԳ Տեղեկատվական բաժինը հոկտեմբերի 6-8–ը բուհերի լրագրության ֆակուլտետի ուսանողների և ՀԵՀԵՄ անդամների համար անցկացրեց եռօրյա դասընթաց՝ «Հոգևոր-եկեղեցական լրագրություն․ լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով։

Դասընթացի նպատակը ապագա լրագրողներին Հոգևոր-եկեղեցական լրագրության սկզբունքներին և էթիկային ծանոթացնելն էր, հայկական մեդիադաշտում եկեղեցական-հոգևոր ոլորտի հանդեպ հետաքրքրության արթնացումը և պրակտիկ գիտելիքների փոխանցումը։

Դասընթացի բանախոսներն էին Հանրային Ռադիոյի լրագրող, Արարատյան հայրապետական թեմի Տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը, ՀԵՀԵՄ Տեղեկատվական բաժնի պատասխանատու Արաքս Պողոսյանը, «Շողակաթ» ՀԸ-ի լրագրող Զարա Ղազարյանը և Մայր Աթոռի Ինտերնետային բաժնի պատասխանատու Տեր Համբարձում քահանա Դանիելյանը: Դասընթացն սկսվեց Տերունական աղոթքով։  Մասնակիցներին իր ողջույնի և օրհնության խոսքը փոխանցեց ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Հանրային Ռադիոյի լրագրող Նոյեմի Անդրեասյանն իր բանախոսության ընթացքում անդրադարձավ Հայ եկեղեցու լուսաբանմանը մամուլում, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկություններին՝ դրանք լսարանին տեսանելի և ընկալելի դարձնելով կոնկրետ օրինակներով։

Նոյեմի Անդրեասյանի ասելով՝ լրագրողնե ի և ԶԼՄ ղեկավարների հետ իր երկարամյա շփման ընթացքում մի թյուրընկալում է նկատել. շատ ԶԼՄ ղեկավարներ կարծում են, որ իրենց գործը չէ հոգևոր-եկեղեցական թեմաների մշտական լուսաբանումը: Նրանք, լավագույն դեպքում, տոնից տոն կամ էլ որևէ սկանդալի առիթով են իրենց պարտավորված զգում լուսաբանել այդ ոլորտը:

Բանախոսն անդրադարձավ նաև ԶԼՄ-ներում կիրառվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաներին և կրոնական կազմակերպությունների կողմից դրանց  կիրառմանը, ինչպես նաև՝ մամուլում հոգևորականներին թիրախավորելու մանիպուլյացիաներին:

Բանախոս Արաքս Պողոսյանն իր հերթին ներկայացրեց աշխարհում հայտնի Հոգևոր-եկեղեցական ռադիոկայաններում և հեռուստաընկերություններում հոգևոր-եկեղեցական թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, ապագայի տեսլականը, կրոնական-եկեղեցական թեմատիկայով բանավեճերի վարման էթիկան և մասնակիցների ընտրության ռազմավարությունը։ Նա կարևորեց աշխարհիկ թեմաների՝ հոգևոր տեսանկյունից լուսաբանումը որպես հոգևոր-եկեղեցական լրագրության լսարանի ընդլայման պայման։

Արաքս Պողոսյանը ներկայացրեց «Վեմ» ռադիոկայանում արված իր հաղորդումներից  հատվածներ և կոնկրետ օրինակներով անդրադարձավ կրոնական-եկեղեցական թեմաներով բանավեճերի վարման էթիկային և մասնակիցների ընտրության ռազմավարությանը։ Նա կարևորեց մեդիայում քրիստոնեական լույսի ներքո մշակութային, գիտահանրամատչելի հաղորդումների հեռարձակումը և ամենատարբեր ուղղվածության ԶԼՄ-ներում հոգևոր-եկեղեցական բաժիններ ստեղծելու հետաքրքրության առաջացումը։

Բանախոս Զարա Ղազարյանն անդրադարձավ եկեղեցկան թեմաների լուսաբանման առանձնահատկություններին, կրոնի և սոցիալական մեդիայի փոխազդեցությանը հանրային կարծիքի վրա, կրոնական կազմակերպությունների և դրանց առաջնորդների կողմից  սոցիալական հարթակները որպես մասսայական գիտակցության թիրախավորում կիրառելուն,  հոգևոր-եկեղեցական թեմաներով հեռուստառեպորտաժներ պատրաստելուն և «Շողակաթ» հ/ը-ի եթերային ռազմավարությանը։ Ոլորտում գործող լրագրողը շատ կարևորեց  եկեղեցական լրագրողի համար տաղավար տոների, ծեսերի, ծիսական առարկաների և զգեստների, հոգևորականների նոր նշանակումների վերաբերյալ լիարժեք գիտելիքների իմացությունը:

Իսկ թե ինչպես օգտվել Հայ Եկեղեցու պաշտոնական էջերից ու կայքերից, այդ մասին հանգամանալից խոսեց դասընթացի վերջին բանախոսը՝ Տեր Համբարձում քահանա Դանիելյանը։ Նա անդրադարձավ  համացանցում հոգևոր անվտանգության հարցին,  նաև՝ թե ինչպես է մեդիան կիրառվում որպես հոգևոր քարոզչության միջոց։ Բանախոսությունից հետո դասընթացի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին տեր հորը։

Չափազանց հետաքրքիր և բովանդակալից եռօրյա այս դասընթացն ավարտվեց նույքան հետաքրքիր այցելությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մասնակիցները եղան «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, Ռուբեն Սևակի անվան թանգարանում և Մկրտարանում:

Գանձատանը պահպանվում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ համաքրիստոնեական նշանակության սրբություններ, սրբերի մասունքներ, տարբեր դարերի հայ կաթողիկոսների հանդերձանքներ, խաչվառներ և այլն։

Այդ ամենից տպավորված և հաճելիորեն զարմացած երիտասարդներն ավարտեցին իրենց եռօրյա դասընթացը բիզնես ընթրիքով, որի ընթացքում էլ հանդիսավոր կերպով նրանց հանձնվեցինդասընթացին իրենց մասնակցության վկայականները:

Բիզնես ընթրիքն անցավ աշխատանքային մթնոլորտում, Հայր սուրբի հետ անմիջական խոսքուզրույցով, նոր գաղափարների քննարկմամբ և առաջարկներով, գալիք ծրագրերի տեսլականներով միմյանց հետ կիսվելով: Հայր Թովման խոստացավ, որ մասնակիցների կողմից արված ամենահաջող առաջարկներն անպայման կիրականացվեն:

 

 

Տեսահոլովակները պատրաստեցին՝ Լիաննա Առաքելյանը և Էլեն Ծատուրյանը

Վլոգի նկարահանմանը մասնակցեցին Դիանա Շախբազյանը և Վերգինե Առաքելյանը

 

Տիգրանուհի Մարգարյան
Տիգրանուհի Մարգարյան
տեքստի հեղինակ