• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մոնտեվիդեոյում ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն այցելեց ազգային կենտրոններ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմերի հրավերով անցկացված ՀԵՀԵՄ թեմական ֆորումների շրջանակում Ուրուգվայում աշխատանքային այցով գտնվող ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հարցազրույց տվեց Մոնտեվիդեոյում գործող «Արաքս» ռադիոկայանին։ Ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում Հայ Սուրբն անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի գործունեությանը, տարածաշրջանային և թեմական ֆորումներին, ինչպես նաև այս տարվա հուլիսի 6-10-ը կայանալիք համահայկական ուխտագնացությանը։

 

Հայր Թովման այցելեց նաև Մոնտեվիդեոյի բարետես ծովափերից մեկում գտնվող «Արմենիա» հրապարակ, որտեղ տեղադրված են հայկական խաչքար և Հայաստանին նվիրված արծվի քանդակ։

Այցելությունից դուրս չմնացին նաև «Մատթեոս Սարգսյան» և «Հայ ժողովրդի ցեղասպանության» հրապարակները։ Այստեղ աղոթք բարձրացվեց ի հիշատակ ցեղասպանության զոհերի։

 

Հայր Սուրբը պրն․ Կարամանուկյանի ուղեկցությամբ այցելեց նաև Մոնտեվիդեոյի «Հայաստան» պետական դպրոց, որը բացվել է Ուրուգվայում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման արդյունքում։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի այցն Ուրուգվայ եզրափակվեց կրկին այցելությամբ առաջնորդանիստ Ս. Ներսես Շնորհալի եկեղեցի, ինչպես նաև՝ Ուրուգվայի Հայոց թեմի հովանու ներքո գործող Ներսեսյան ազգային վարժարան, ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան–Նուբարյան վարժարան» և ՀՅԴ «Վռամյան ակումբ»։