• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեծ Պահքի «Տնտեսի կիրակի»

Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Տնտեսի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին: Սքանչելի ու հիանալի համեմատությամբ են միմյանց հետ կապված Քառասնորդաց պահքի զորությունները, ինչպես ցույց են տալիս և ուսուցանում ընթերցվածները: Իսկ չորրորդ կիրակիի խորհուրդը բազմանշանակ է, ինչպես բազմանշանակ են չորս թվի խորհուրդները:

ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ (Ղուկ. 16 1-8)

Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. «մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը:  Տերը կանչեց նրան եւ ասաց. “այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛վր քո տնտեսութեան հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”:  Տնտեսը իր մտքում ասաց. “ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ:  Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները”:  Եւ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով` առաջինին ասում է` “իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես”:  Եվ սա ասում է` “հարյուր տակառիկ ձեթ”. և տնտեսը նրան ասում է` “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր` հիսուն”:  Ապա դարձեալ մյուսին ասում է` “դու ինչքա՞ն պարտք ունես”. և սա ասաց` “հինգ հարյուր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց` “ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր”:  Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»: