• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ

Հոկտեմբերի 9-ին ՀԵՀԵՄ ներկայացուցիչը Մայր Աթոռում մասնակցել է «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին:

Հոկտեմբերի 9-ին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակը ներկայացնում էր ՀԵՀԵՄ ԿԳ-ի պետական-հասարակական կառույցների գծով պատասխանատու Անգելինա Ալեքսանյանը։

Համաժողովը սկսվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը և կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը», — ընդգծեց Արշակ եպիսկոպոսը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,
Մեծահարգ տիարք և տիկնայք,
Սիրելի ներկաներ,
Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Ուրախ ենք այս ժողովին ձեր մասնակցության համար: Այսօրինակ համաժողովները, հավատում ենք, կարևոր նպաստ են բերելու ընտանիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և հոգևոր ու բարոյական արժեհամակարգի անաղարտ պահպանության ու ամրապնդման գործում: Մեր գնահատանքն ենք բերում Ռուս Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին, ովքեր ընտանիքների հետ հովվական աշխատանքի իրենց փորձառությունը պիտի կիսեն մեզ հետ:

Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ և հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրև ժամանակակից կյանքի թելադրանքներ: Մտայնության ու բարքերի այսօրինակ այլափոխումը հաճախ քողարկվում է անհատի ազատության և իրավունքների լույսի ներքո՝ խեղաթյուրելով ընտանեկան կյանքի իրական արժեքն ու բացառիկությունը:

Եկեղեցու տեսակետները ընտանիքի վերաբերյալ հիմնված են ոչ թե մարդկային փոփոխվող կենսակերպի և մտայնությունների, այլ Աստծո կենարար խոսքի ու հայտնության վրա: Ընտանիքի մասին քրիստոնեական վարդապետությունը ձևավորվել է աստվածադիր օրենքի համաձայն՝ հաստատելով ամուսնության սրբությունն ու արժեքը (Եբր. ԺԳ 4): Սուրբ Գիրքը հստակ ընդգծում է ամուսնության և ընտանիքի նվիրականությունն ու նպատակները: Աստված ստեղծեց մեր նախածնողներ Ադամին և Եվային այր ու կին (Ծննդ. Ա 28): Տղամարդու և կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որի հարկից ներս արարչագործությունն է շարունակվում: Եկեղեցին Սուրբ Պսակի խորհրդով օրհնում է ընտանիքի կազմությունը: Պսակադրության արարողությամբ հռչակվում է ընտանիքի անբաժանելի և անքակտելի միությունը, որը նվիրագործվում է աստվածային ներգործությամբ ու շնորհներով:

Ընտանիքի սրբության վերաբերյալ Եկեղեցու պատգամը մենք կարիքն ունենք հասցնելու յուրաքանչյուր անհատի սրտին և մտքին: Ընտանիքը Աստծո օրհնություն է և հիմքն ու մանրակերտը հասարակության, մարդկային ազնիվ ու վեհ հարաբերությունների: Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ծնողների սպասավորությամբ սկիզբ է առնում աստվածճանաչողության, տերունական պատգամների, օրինապահության, սիրո, նվիրվածության ճանապարհը: Ընտանեկան հոգածու միջավայրում է հասակ առնում երեխան, և նրա մտքում ու հոգում ձևավորվում է հասարակության անդամը լինելու գիտակցությունը: Ընտանիքի աստվածահաստատ պատկերի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր և մոր սիրո ու դաստիարակության ներքո, նմանությամբ ավետարանական օրհնյալ ու նվիրական Սուրբ Ընտանիքի:

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում: Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարևորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման և առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր և քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա:

Ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ կատարելու և հաղթահարելու տեսլականով Մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես Մեր հանդիպումներում, Մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ:

Մեր մաղթանքն է, որ միջազգային այս համաժողովը՝ գումարված «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը: Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բանախոսներին՝ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, Սուրբ Հոգու շնորհներով առաջնորդի մեզ և արդյունավորի ընտանիքների ամրապնդմանն ու անխաթար պահպանմանն ուղղված ջանքերը:

Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին: Թող մեր Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ողջ աշխարհի և մարդկության հետ այսօր և միշտ. ամեն», — ասել է Վեհափառ Հայրապետը:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2169417596495527?__tn__=K-R