• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Պատերազմ՝ հոգու համար

(Պատմվածք)

 

Ուշ երեկոյան մի մարդ մահանում էր իր անկողնում։ Առաջացած տարիքի էր, բայց չէր կարող իր մասին ասել, թե արժանապատվորեն էր պատրաստվել մահվանը։ Նա շատ ուշ հասկացավ, որ ճանապարհը դեպի հավերժություն սկսվում է հենց ծնունդից, և ոչ թե մահվան շեմից…

Դրա համար նրա հոգին տանջվում ու չարչարվում էր։

— Ուշ է, ուշ է,— հոգոց էր հանում տղամարդը և սրտի ցավով մտքով բացում իրադարձությունների կծիկը։ Չգիտես ինչու, նա հիշում էր ոչ թե այն պահերը, որոնցով կարելի էր հպարտանալ, այլ ողբալին ու ամոթալին, որոնց մասին խիղճը հիշեցնում էր խստագույն անգթությամբ՝ ստոր և անամոթ արարքներ, վիրավորանքներ, որ նա հասցրել էր սիրելիներին։ Այդ ամենը շատ տանջող ու վախեցնող էր՝ այն մտքից, որ ոչինչ այլևս հնարավոր չէ շտկել։ Չափազանց ուշ է….

Նրա դուստրը մի քանի անգամ մտավ սենյակ ու կարեկցող հայացքով ցավագին նայեց հորը…

-Ի՞նչ բերեմ քեզ: Թե՞յ, ջու՞ր,-հարցրեց նա։

Հայրը հազիվ օրորեց գլուխը. «Ոչինչ չեմ ուզում»: Եվ միայն աչքերով ասում էր. «Ներիր ինձ, աղջի՛կս…»:

Նա մահացավ գիշերը, երբ սենյակում ոչ ոք չկար, և դուստրը չտեսավ, թե որքան ցավալիորեն դողում էր նրա մարմինը, իսկ հոգին կառչել էր կյանքից՝ վախեցած ու սարսափած այն մտքից, թե իրեն ինչ է սպասում:

Երկրի վրա ժամանակը սովորականի պես էր անցնում, ժամացույցը հավասար հաշում էր րոպեները, իսկ վերերկրյա տարածության մեջ իսկական կռիվ էր սկսվել հոգու համար….

Որովհետև հենց որ նա բաժանվեց մարմնից, հարյուրավոր ստոր և չար թաթեր մոտեցան նրան՝ ցանկանալով բռնել և քաշել կեղտոտ ջրափոսի մեջ։

-Մե՛րն է, — բոլոր կողմերից ֆշշոց լսվեց. — Նա մե՛րն է։

— Ոչ, ձեր չէ,- հակառակ կողմից մաքուր ձայներ լսվեցին. կապտաթև հրեշտակները, իրենց լույսով կտրելով տարածությունը, արագ թռան դեպի հոգին և ուզեցին տանել այն այդտեղից, միայն թե…

 

— Նա հայհոյել է Աստծուն. — կողքից ինչ-որ ձայն հնչեց:

Հոգին սարսռաց՝ եղե՛լ է, եղե՛լ է այդպիսի բան։ Մի անգամ նա տեսավ, թե ինչպես է իր դուստրը սենյակում սրբապատկեր դնում։ Ինչքա՜ն վիրավորական խոսքեր ասաց նա այն ժամանակ։ Մինչդեռ դուստրը խնդրում էր. «Այդպես մի խոսիր, հայրի՛կ»։ Բայց ինքը լսե՞ց։

— Նա դա արել է անգիտակից կերպով,- պաշտպանեց նրան Հրեշտակը:

-Ի՜նչ անգիտություն։ Ի՞նչ է, նա փոքր երեխա՞ էր,- չարախնդաց դևը։ Իսկ մյուսները, կարծես ուրախացած, անմիջապես հարձակվեցին վրան.

-Հայհոյել է։ Սարսափելի խոսքեր է ասել։

Հրեշտակներն իրենց չկորցրին․

— Այս մարդը մեծացրել է երեք որդի և հրաշալի քրիստոնյա դուստր:

-Առանց նրա մասնակցության դուստրը դարձավ քրիստոնյա,- զայրացած. պատասխանեց դևը։

— Նա սիրում էր նրան,- ասաց Հրեշտակը:

— Եվ վիրավորում էր … – ճշտում արեց դևը …

— Ընտանիքի ապրուստը ապահովելու համար նա շատ էր աշխատում և՝ իր ուժերից վեր։

«Փողի մի մասն էլ կոնծում էր», — չարախնդաց դևը:

Նա կարծես հաճույք էր ստանում հոգին ծաղր ու ծանակի մատնելուց, որովհետև ամեն հանդիմանության հետ այն տառապագին ողբում էր և դողում։

Բայց Հրեշտակները պաշտպանում էին նրան իրենց մարմիններով և չէին պատրաստվում հանձնվել:

— Նա օգնել է իր ընտանիքին և ընկերներին, երբեք չի հրաժարվել օգնելուց: Հոգին ցնցվեց. այո, իսկապես, օգնել էր՝ մանր-մունր բաներով, տնային գործերում։ Երբեք ոչ մեկին «ոչ» չէր ասել։ Եվ մի փոքր հույսով լցվեց:

Դևերը խումբ էին կազմել ու  խորհուրդ էին անում. անշահախնդիր օգնությունը հավասարեցվում է ողորմությանը, իսկ ողորմությունը չափազանց ծանրակշիռ քար է հոգու օգտին: Բայց հետո այլ մեղադրանքներ հնչեցին.

— Գողացել է, վիրավորել է, ստել է։

— Դրանք առանձին դեպքեր էին,- որքան ուժ ունեին, արդարցնում էին հրեշտակները,- նա միշտ խորապես զղջում էր իր արածի համար:

-Իսկ երբ է կնոջը ստիպեց աբորտ անե՞լ։ Նրան իր երեխաները շատ թվացին։ Հրեշտակները սգավոր քարացան։ Ի՞նչ պատասխանել սրան։ Պատասխանելու ոչինչ չկար…

Դևերը ժպտացին, չարամտորեն վրան քսելով իրենց թաթերը.

-Իսկ դուք ասում եք՝ մերը չէ…

— Չենք տալու, — ամենաբարձրահասակ Հրեշտակը կանգնեց հոգու և դևերի միջև․

– Նա շատ է մեղանչել, ճիշտ է, բայց եղել են նաև ապաշխարության պահեր։

— Ընդամենը րոպեներ: Բայց ապաշխարել պետք է ամբողջ կյանքում: Մենք նրան տանում ենք մեզ հետ։ Մե՛ր հոգին է։

Սարսափը պատեց հոգուն. Մարդը հասկացավ, որ ոչ ոք և ոչինչ իրեն չեն կարող օգնել, և նույնիսկ Հրեշտակների ջանքերն ի զորու չեն պաշտպանել իրեն: Նա բարձրացրեց գլուխը և առանց որևէ հույսի նայեց հեռավոր սև երկնքին…

Լուսադեմից քիչ առաջ դուստրը մտավ սենյակ և տեսավ, որ հայրը մահացել է։ Նա երկար ծնկեց հատակին՝ հոր մահճակալի առաջ, շոյում էր հոր ձեռքը և կամացուկ ինչ-որ բան մրմնջում։ Եվ հետո նա վերցրեց վարդարանն ու գլուխը խոնարհելով սկսեց խոնարհաբար աղոթել.

— Մա՛յր Կենդանի Աստծո, Սուրբ Աստվածածին, փրկիր հայրիկիս: Սուրբ Աստվածածին, փրկիր հայրիկիս:

Նա աղոթում էր, իսկ սիրտը լաց էր լինում. աղջիկը զգաց, որ իր հոր համար հեշտ չէ …

Աղոթքը հոսում էր ու հոսում՝ մեղմ, բարի, աղաչող, իսկ բարակ մատները տերողորմյայի ուլունքներն էին համրում:

— Սուրբ Աստվածածին, փրկիր հայրիկիս…

Հոգին երկար ու ողբալի նայեց դեպի երկինք՝ այլևս չլսելով դևերի ծղրտոցը…

Մարդը հասկացավ, որ պարտվել է իր գլխավոր ճակատամարտում, և որ լուսաթև արարածների ոչ մի ջանք իրեն չի օգնի։ Ցանկացավ շրջվել և ինչ-որ բան ասել, բայց այդ պահին շուրջբոլորը լուսավորվեց, և հեռվից, մութ խորքերից հանկարծ մի Կին մոտեցավ։

Նա այնքան լուռ էր, վեհ ու գեղեցիկ, որ մարդը երանությունից քարացավ:

Նա ճանաչեց Նրան, որովհետև բազմիցս տեսել էր Նրան այն սրբապատկերի մեջ, որը կախված էր իր դստեր սենյակում, և նույնիսկ զգեստը նրա վրա նույնն էր՝  ալ կարմիր և կանաչ:

-Աստվածածի՛ն,- արտաբերեց նա…

Կենդանի Աստծո Մայրը անաղմուկ մոտեցավ, հանգիստ նայեց Հրեշտակներին, որոնք կանգնած էին մեծագույն ակնածանքով, այրեց դևերին հայացքով, իսկ հետո ձեռքը մեկնեց հոգուն․

-Գնանք, զավա՛կս, — ասաց Նա, և այնքան խորը գեղեցկություն կար Նրա ձայնում:

Հոգին ափը մեկնեց՝ աչքը չկտրելով Ամենասուրբ Աստվածածնի երեսից, և քայլ արեց. նույն պահին հանկարծ նրա ոտքի տակ աստիճան հայտնվեց, հետո երկրորդը, երրորդը, և հայրը կարդաց. «Մա՛յր Կենդանի Աստծո, փրկիր հայրիկիս…»:

Նա ապշած մի քայլ ևս առաջ գնաց, հետո ավելի ու ավելի, աստիճանները վեր բարձրացան, և յուրաքանչյուրի վրա գրված էր.

«Սուրբ Աստվածածին, փրկիր հայրիկիս…»:

Երկնքի և Երկրի Տիրուհին տարավ խոնարհ հոգուն: Հրեշտակներ թռան, դևերը չքվեցին։ Երկնային տարածությունը մաքրվեց։ Եվ միայն աստիճաններն էին այրվում ոտքի տակ․

«Սուրբ Աստվածածին, փրկիր հայրիկիս…»:

Նրանք անսահման էին և ձգվում էին բարձր-բարձր, այնտեղ, ուր հոգին ինքը երբեք չէր կարող հասնել …

 

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի

Ելենա Չերկաշինա
Ելենա Չերկաշինա
արձակագիր, Իսրայելի գրողների միության անդամ