• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ծրագիր

Օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առաջնորդությամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի՝ Կենտրոնական գրասենյակը 2023 թվականի հուլիսի 5-10-ը կազմակերպում է Համահայկական Ուխտագնացություն՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով:

Ուխտագնացությունը համահայկական երիտասարդական ներկայացուցիչների աղոթքի համախմբում է, հոգևոր և կրթական ծրագրերի իրագործման հարթակ, ինչպես նաև՝ երիտասարդական ժամանց և այլ ծրագրեր իրականացնելու միջոց։

Ուխտագնացության մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ամենայն Հայոց Հայրապետը։

Կիրականացվեն նաև այցեր Խոր Վիրապ, Սբ․Հռիփսիմեի վանք, Զվարթնոցի տաճար և հայրենիքի այլ սրբավայրեր։

Ուխտագնացության առաջին երկու օրերին կանցկացվեն երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթաց և պանելային քննարկումներ։ Խմբային քննարկումների և աշխատարանների միջոցով երիտասարդները համայնքային կյանքի տեսլականի իրենց առաջարկները կանեն։ Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կհանձնվեն վկայականներ։

Ուխտագնացության բոլոր օրերին կանցկացվեն առավոտյան և երեկոյան ժամերգություններ։

Ուխտագնացության ողջ ընթացքում երիտասարդներին կուղեկցեն ազգային երգն ու պարը և ակտիվ ժամանցը։

«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության վերջին օրը երիտասարդները կմասնակցեն Սուրբ և Անմահ Պատարագի։

Երեկոյան տեղի կունենա հրաժեշտի խնջույք։