Ապրիլի 30-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» ՀԵՀԵՄ համաթեմական ծրագրի առաջին փորձնական դասընթացը՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ։ Դասընթացը վարեց ծրագրի հեղինակ, ՀԵՀԵՄ գրասենյակի Տեղեկատվական հարցերով պատասխանատու, հոգևոր-եկեղեցական լրագրող Արաքս Պողոսյանը։
«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»-ը պրեզենտացիայով ներկայացվող մեթոդական ուղեցույց է, որն օգնում է երիտասարդին հայրաբանական մեկնությունների միջոցով ամբողջական պատկերացում ունենալ Աստվածաշնչի երկու գրքերի՝ ՀիՆ և Նոր Կտակարանների և դրանց փոխկապակցվածության վերաբերյալ, ինչպես նաև՝ ճիշտ կողմնորոշվել սուրբգրային տեքստերն ընթերցելիս:
Ողջ դասընթացը կառուցված է Հին և Նոր Ուխտերը միաժամանակ անցնելու սկզբունքի վրա՝ որպես մի ամբողջություն:
Դասընթացի շրջանակներում խոսվեց Աստվածաշնչում երիտասարդների դերի կարևորության մասին, ինչպես նաև հերքվեց որոշ շրջանակներում առկա այն թյուր տեսակետը, թե Աստվածաշունչը երիտասարդների գիրքը չէ։ Դասընթացավարը նշեց աստվածաշնչյան մի քանի երիտասարդների, ովքեր խթանել կամ խոչընդոտել են Աստծո ծրագրի իրագործմանը։ Երիտասարդները ոչ միայն դասընթացի մասնակիցն էին, այլև ընթացքն ապահովողները: Այն ամբողջությամբ ընթացավ ինտերակտիվ քննարկման սկզբունքով. մասնակիցները ոչ միայն իրենք էին գտնում հարցերի պատասխանները, այլև՝ առաջադրում իրենց հարցերը:
Մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ հերթը հասավ ուսուցողական խաղերին, որոնք ուղեկցեցին երիտասարդներին ողջ դասընթացի ընթացքում:
Էմոջիներով աստվածաշնչյան տեսախաղերի, փուչիկներով, գնդակներով հոգևոր- ինտելեկտուալ խաղերի միջոցով երիտասարդները գործնականում կիրառեցին նոր ձեռք բերված գիտելիքները։ Խաղերում հաղթողներին տրվեցին մրցանակներ, իսկ դասընթացի բոլոր մասնակիցներին՝ նվերներ և օրհնված խաչեր։