• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Զգում էինք, որ Նարեկացու հոգին մեզ հետ է․ Կինոդիտում ՀԵՀԵՄ-ում

Օգոստոսի 6-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ում մեկնարկեց նոր նախագիծ՝ «Կինոդիտում և քննարկում քրիստոնեական լույսի ներքո»: Ծրագրի բացումն ազդարարվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու մասին պատմող «Հովիվը» խաղարկային ֆիլմով: Միջոցառումը սկսվեց Հայր Թովմայի օրհնությամբ և տերունական աղոթքով, որին հաջորդեց ֆիլմի ցուցադրությունը: Թեև ֆիլմը շուրջ 10 տարի է, ինչ հասանելի է համացանցային տարբերակով, այնուամենայնիվ այն քիչ հայտնի էր երիտասարդների շրջանում և մեծ ուրախությամբ ընդունվեց: Ֆիլմի քննարկումը տեղի ունեցավ ռեժիսոր Արտակ Ավդալյանի և Նարեկացու կերպարը մարմնավորող դերասան Արթուր Կարապետյանի մասնակցությամբ, ինչը շատ ոգևորիչ էր երիտասարդների համար, քանի որ նրանք կարողացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց ֆիլմի ստեղծողներից:

Նկարահանումների մի մասը անցկացվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի ափին գտնվող այն քարանձավում, որտեղ ճգնել է սուրբը: Ցավոք, Նարեկավանքից ոչինչ չի մնացել, և այժմ վանքի տեղում մզկիթ է:

«Չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումներն ընթացել են մեծ դժվարություններով և փոքր բյուջեով, այնուամենայնիվ հաղթահարեցինք այդ բոլորը, քանի որ զգում էինք, որ Նարեկացու հոգին մեզ հետ էր»,- պատմում է դերասան Արթուր Կարապետյանը: Նա վկայակոչում է մի դեպք, երբ տեսարաններից մեկը նկարահանելու ժամանակ եղանակային պայմանները անհաջող էին, և բավարար լուսավորություն չկար նկարահանումը սկսելու համար, թեև ամեն ինչ պատրաստ էր: Եվ այդ պահին հանկարծակի մոխրագույն ամպերը ետ են քաշվում, և լույսն ընկնում է հենց այնտեղ, որտեղ պետք էր: Աշխատանքն ավարտելուց հետո անմիջապես անձրև է սկսվում: Այս ամենում «հրաշք» չտեսնել նրանք չեն կարողանում:

Ռեժիսոր Արտակ Ավդալյանն էլ հիշում է, թե ինչպես են նկարահանումների ընթացքում մոտեցել զինված քրդեր, զենքերն ուղղել իրենց վրա, սակայն բացատրությունից հետո հեռացել են՝ առանց որևէ վնաս պատճառելու:

Ֆիլմի հեղինակն ու գլխավոր դերակատարն իրենց արած աշխատանքից գոհ չեն, սակայն հորդորում են դիտել ոչ թե աչքերով, այլ՝ սրտով: Ըստ նրանց՝ միայն այդ դեպքում կարելի է հասկանալ ֆիլմի ասելիքը:

լուսանկարները՝ Արտաշ Պրազյանի

 

Տիգրանուհի Մարգարյան
Տիգրանուհի Մարգարյան
հեղինակ
Yandex.Metrica