• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Նորեն համեցեք տուն․ Վիրահայոց թեմի երիտասարդները ՀԵՀԵՄ գրասենյակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով ու աջակցությամբ ՀԱԵ Վիրահայոց թեմի մի շարք երիտասարդական կառույցների 25 ներկայացուցիչ քառօրյա այցով հայրենիք էր եկել: Ուխտագնացության շրջանակում Թիֆլիսի Սուրբ Էջմիածին Եկեղեցու Հոգևոր հովիվ և Վիրահայոց թեմի երիտասարդաց միավորման պատասխանատու Տեր Տաթև Մարուքյանի գլխավորությամբ այսօր նրանք այցելեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ:

Երիտասարդներին դիմավորեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Նրանք շրջայց կատարեցին գրասենյակում, մտերմիկ մթնոլորտում՝ սուրճի, թեյի սեղանի շուրջ քննարկեցին մի շարք ծրագրեր, ՀԵՀԵՄ ԿԳ-ի հետ հետագա համագործակցությունը։

Կարևորելով Վիրահայոց թեմի երիտասարդների ներգրավվածությունը ՀԵՀԵՄ ծրագրերում՝ Հայր Սուրբը ներկայացրեց առաջիկա ծրագրերը՝ հյուրերին հորդորելով մասնակից լինել դրանց:

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն անդրադարձավ այս տարվա նոյեմբերի 2-3-ը կայանալիք Ատենապետաց ժողովին և 2020-ին նախատեսվող տարածաշրջանային շրջայցերին՝ դեպի Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք և այլն, ինչպես նաև խոսեց 2021-ին նախատեսվող «Դեպի Սուրբ էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» մեծ ուխտագնացության մասին:

Հանդիպման ավարտին Հայր Թովման երիտասարդներին Սուրբ Էջմիածնի և նրա հոգևոր գանձերի մասին պատմող գրքույկներ նվիրեց:
Հրաժեշտին Հայր Սուրբն ասաց. «Նորե՛ն համեցեք տուն»:

Թիֆլիսի Սուրբ Էջմիածին Եկեղեցու քահանա Տեր Տաթևն ասում է՝ երիտասարդների համար անչափ կարևոր էր այս այցը:

«Նրանք տեսան, որ իրենց մայր հայրենիքում՝ Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո Երևանում գործում է ՀԵՀԵՄ գրասենյակ: Հայր Թովմա վարդապետին տեսնելու, նրա հետ առերես շփվելու, ճանաչելու շնորհիվ նրանք հասկացան, որ Հայ եկեղեցու մի մասնիկն են իրենք Վրաստանում և մասնիկն են համաշխարհային երիտասարդական մեծ կառույցի: Այսուհետ նրանք գիտեն, որ կարող են ազատ ընդգրկվել տարբեր հոգևոր-մշակութային ծրագրերում, որ իրականացվում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում»:

Yandex.Metrica