• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՆ Է

Լոս Անջելեսում ավելի քան 150 հազար կալիֆորնիահայեր բողոքի ցույցի են դուրս եկել

Լոս Անջելեսում անցկացված «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով քայլերթին մասնակցել է 150 հազարից ավելի ցուցարար։ Երթն ընթացել է բոլոր գլխավոր պողոտաներով՝ հասնելով մինչև Թուրքիայի հյուպատոսարան։

«Երբ հասանք վերջին հանգրվանին, որտեղ անցանք Լոս Անջելեսի սահմանը դեպի Բեվերլի Հիլզ քաղաք, այնտեղ արդեն հասկացել էին, որ սա մեծ քայլարշավ է։ Լոս Անջելեսի պատմության մեջ նախադեպը չունեցող քայլարշավ», – պատմել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամ Վիգեն Հովսեփյանը։

Բազմահազարանոց ցույցը կազմակերպվել է 6 օրում։ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ցույցի հիմնական նպատակները երեքն են եղել. «Առաջինը միջազգային հանրությանն էր ուղղված, որպեսզի լսելի դարձնեինք հայության ձայնը, և ասենք, թե Հայաստանում և Արցախում ինչ է կատարվում։ Երկրորդ նպատակը մեր բողոքի ձայնը միջազգային ճանապարհով հասցնելն էր քաղաքական շրջանակներին»։

Հարյուր հազարավոր հայեր քայլերթի ժամանակ պահանջել են անմիջապես ճնշում գործադրել Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որպեսզի խաղաղություն տիրի և քայլեր ձեռնարկվեն, որպեսզի անկախ Արցախը ճանաչվի։

«Մյուս նպատակն ուղղված էր սահմանին կռվող մեր տղաներին, մեր քաջ բանակին, և, ինչու ոչ, մեր հայրենի ժողովրդին՝ ասելու, որ այսօր սփյուռքը հայության երկրորդ բանակն է, խրամատների մեջ է իրենց հետ՝ ուս-ուսի, և մենք մեզ բաժին ընկած չափով պատրաստ ենք անել ամեն ինչ՝ նվիրահավաքներից մինչև այսպիսի քայլարշավներ, բողոքի երթեր», – ասաց Վիգեն Հովսեփյանը։

Ըստ Հովսեփյանի՝ քայլարշավի ընթացքում նաև դրամահավաք է իրականացվել և ավելի քան 100 հազար դոլար է հավաքվել. «Պատահականություն չէր, որ մենք այս քայլերթը կոչել էինք հաղթանակի երթ, որովհետև մենք համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու։ Մենք մեր ներդրումը պետք է բերենք այս համընդհանուր կռվում, այս կռիվն ընդհանուր ազգի կռիվն է և դրա բաղկացուցիչ մասը ամերիկահայությունն է»։

(Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը)

Ամերիկյան «Ֆոքս 11» և այլ լրատվամիջոցներ ևս տեսանյութեր են պատրաստել և ներկայացրել այն մասին, որ հարյուր հազարավոր հայեր Լոս Անջելեսում հավաքվել ու լայնամաշտաբ ցույց են իրականացրել՝ բողոքելով թուրք-ադրբեջանական գործողությունների դեմ։ «Ֆոքս 11»-ը գրել է, որ հայերը Բեվերլի հիլզում թուրքական դեսպանատան մոտ պահանջում են, որ Համաշխարհային հանրությունն իր ուշադրությունը սևեռի տեղի ունեցող զարգացումների վրա և միջոցներ ձեռնարկի։

Armenia Protest in Beverly Hills

NOW: Thousands gather on Wilshire Blvd. outside the Turkish Consulate in Beverly Hills to support Armenians in the conflict against Azerbaijan. MORE: bit.ly/34LfWxz

Posted by Fox 11 Los Angeles on Sunday, October 11, 2020

 

Yandex.Metrica