• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ես խոստովանությունից եմ ուշանում․․․

(Պատմվածք)

Վանք գնացի՝ գիշերային հսկողության և խոստովանության։

Հասա սկզբին, բայց ուտել էի շատ ուզում: Իսկ այնտեղ՝ մուտքից ոչ հեռու, վանական կրպակն էր՝ խմորեղենով, թեյով, սուրճով և այլ համեղություններով։

Հերթ կանգնեցի, և երբ հերթս հասավ, մի տղամարդ դիմացս ցցվեց․

«Ես հերթի մեջ էի, նոր եմ վերցրել, էնպես որ խնդրում եմ, բարի եղեք․․․»։

Տհաճ տղամարդ էր։ Պճնված։ Դրամապանակն ավելի հաստ էր, քան իմ պայուսակը, օդեկոլոնով ասես լողացած լիներ …

— Ինձ՝ երկու սուրճ։  Բնական ու ամենալավը,- տղամարդը վաճառողուհու առաջ իրեն էր ցույց տալիս։ Հետն էլ մի քանի կարկանդակ, խմորեղեն պատվիրեց…

«Ի՞նչ է, կինը չի կարողանում թխե՞լ, թե՞ սիրուհին։ — մտածեցի ինքս ինձ. — Եվ ընդհանրապես, ես ուշանում եմ խոստովանությունից»։

Եվ այնպիսի հայացքներ նետեցի նրա վրա, որ նա դրանից ուղղակի տեղնուտեղը պետք է մոխրանար։ Բայց նա նույնիսկ ուշադրություն չդարձրեց ինձ վրա․ իր թռիչքի թռչուն չէի:

Վերջապես նա վերցրեց՝ ինչ ուզում էր և հեռացավ։

Ես թեյ եմ խմում, նայում պատուհանից դուրս։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է այդ լկտի տղամարդը ամենաբարձր որակի բնական սուրճը «բոմժերին» բաժանում։ Նրանք տեղավորվեցին ինձանից ոչ հեռու՝ իրենց կարկանդակներով և խմորեղեններով։

Շունչս կտրվեց։ Չդիմացա, մոտեցա նրանց։

-Իրենց համա՞ր էիք այդ ամենը գնել։

-Այո՜։ Այսօր իմ ծննդյան օրն է. Ես էլ հյուրասիրում եմ:

Հոտոտեցի, կարծես թե խմած չէր։

— Շնորհավորում եմ: Կարո՞ղ եմ այստեղ կանգնել ձեզ հետ:

— Կանգնիր, իհարկե:

Ականջներս սրեցի, անօթևաններին հարցնում էր, թե ինչ է պատահել նրանց և այլն։

Հետո բարձրացրեց նրանցից մեկի տաբատի ծայրը ոտքն ամբողջովին պատված էր խոցերով ու թարախով։ Իսկ այդ տղամարդը շոշափում էր նրան մերկ ձեռքերով:

Ես այլևս չդիմացա.

-Չե՞ք վախենում։

«Բայց Ես ԲԺԻՇԿ եմ», — ասում է նա:

Զննեց, թղթի վրա ինչ-որ դեղ գրեց ու այն գնելու գումարն էլ հետը տվեց անօթևանին։

Ես նայում եմ այդ տղամարդուն, բայց արի ու տես, որ նորմալ է: Աչքերը բարի են: Մինչդեռ ես ինչ ասես որ նրա մասին չմտածեցի։

Իսկ թափառականները երջանիկ էին։ Սուրճով տորթ էին խճռում…

Ես էլ շտապեցի խոստովանության: Բայց դրանից էլ ի՞նչ օգուտ …

 

Իրական պատմություն՝ Ելենա Կուչերենկոյից

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի

Ելենա Կուչերենկո
Ելենա Կուչերենկո
հեղինակ