Բոլորին հասանելի է արդեն Meta ընկերության թողարկած Massively Multilingual Speech (MMS) արհեստական ինտելեկտի մոդելը, որը ճանաչում է խոսակցական լեզուն 4000 լեզուներով և վերարտադրում այն, այսինքն՝ փոխակերպում է տեքստը խոսքի ավելի քան 1100 լեզուներով: Մոդելների մշակման գործում ծրագրավորողներն օգտագործել են Աստվածաշունչը և Նոր Կտակարանը, քանի որ այդ գիրքն է ամենաշատը թարգմանվել տարբեր լեզուներով, հայտնում է engadget.com-ը:
Ընկերությունից հայտնել են, որ իրենք ստեղծել են տվյալների երկու հավաքածու՝ հիմնված Աստվածաշնչի վրա։ MMS նախագիծը ստեղծել է Նոր Կտակարանի ընթերցանության տվյալների շտեմարան ավելի քան 1100 լեզուներով՝ յուրաքանչյուր լեզվի համար տրամադրելով միջինը 32 ժամ տվյալներ:
Ուսումնասիրելով Աստվածաշնչի տարբեր այլ գրքերի չնշված ձայնագրությունները՝ հասանելի լեզուների թիվը հասցվել է ավելի քան 4000-ի: Ընկերությունը խոստովանում է, որ AI-ին ուսուցանվող աուդիո ձայնագրությունների բովանդակությունը կրոնական է:
Meta Platforms, Inc-ը ամերիկյան հոլդինգ է, որը հանդիսանում է Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի, Oculus-ի և մոտ 30 այլ դուստր ձեռնարկությունների մայր կազմակերպությունը: Այն աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկն է։