Մել Գիբսոնը այս տարի կսկսի իր 2004 թվականին թողարկված «Քրիստոսի չարչարանքները» բլոկբաստերի երկար սպասված շարունակության նկարահանումները։
Կինոլրագրող Ջորդան Ռուիմին հայտնել է, որ Մել Գիբսոնը վերջապես կսկսի մի քանի ամսից նկարահանել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը։
«Այժմ քննարկվում է գարնան վերջին նկարահանումների հնարավորության հարցը, իսկ Ջեյմս Քյեվիզելը վերադառնում է Հիսուսի դերակատարմանը»,- գրել է Ռուիմին իր WorldofReel.com բլոգում: Ինչպես հայտնում է IMBD.com-ը, ֆիլմը նախատեսվում է թողարկել 2024 թվականին։
«Քրիստոսի չարչարանքները» շարունակում է մնալ քրիստոնեական թեմաներով բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ բերած ֆիլմը: Այն պատմում է խաչելությունից առաջ Հիսուսի կյանքի վերջին ժամերի մասին։
«Շարունակությունը մշակվում է մոտ մեկ տասնամյակ: Գիբսոնը քրտնաջան աշխատում է սցենարի վրա՝ «Խիզախ սրտեր» ֆիլմի սցենարիստ Ռենդալ Ուոլեսի հետ միասին: «Հարություն»-ը կներկայացնի Հիսուսի խաչելության և հարության միջև ընկած երեք օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները»,- գրել է Ռուիմին։
Նշենք, որ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը ստացել է «Օսկար» երեք անվանակարգերում՝ կինեմատոգրաֆիայի, օրիգինալ երաժշտության և դիմահարդարման համար, ինչպես նաև «R» վարկանիշ՝ բռնության տեսարանների գրաֆիկական պատկերման համար։
Գիբսոնն ասել է, որ 2004 թվականի ֆիլմն իր համար հոգևոր փորձառություն էր, և ինքը զգում էր, որ Աստված առաջնորդում է իրեն ֆիլմը նկարահանելիս։