Ֆրենսին Ռիվերսի վեպի հիման վրա Միացյալ Նահանգներում էկրան է բարձրացել «Քավիչ սեր» ֆիլմը։ Վեպը ավելի քան 15 տարի եղել է գեղարվեստական բեսթսելերների ցանկում։ Այս ընթացքում գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ է վաճառվել, հրատարակվել՝ ավելի քան 30 լեզուներով։
The Christian Post-ին տված հարցազրույցում վեպի հեղինակը խոստովանել է, որ տարիներ շարունակ երազել էր դրա մասին. «Դա երկար ճանապարհ էր: Հուսով եմ, որ ֆիլմը ցույց կտա աշխարհին, թե ինչպիսին է իսկական սերը»:
Մի քանի տարի շարունակ գրողն իր վեպի այս կամ այն սցենարով տարբեր առաջարկներ էր ստանում, սակայն, ըստ նրա, դրանցից ոչ մեկը չէր արտացոլում գրքի հիմնական ասելիքը։
«Ոչ մի սցենար չէր փոխանցում գլխավոր հերոսի քրիստոսանման նկարագիրը, և ես չէի կարող հավանություն տալ դրան: Այն պետք է նմանօրինակը լիներ այն սիրո, որ Աստված ունի Իր ժողովրդի հանդեպ»,- ասել է գրողը:
Չգտնելով համապատասխան սցենար՝ Ռիվերսը որոշեց ինքը դառնալ այդ սցենարիստը։
Ֆիլմի ռեժիսորն է Դ. Ջ. Կարուզոն, իսկ պրոդյուսերները՝ Ռոմա Դաունին (աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի ռեժիսոր) և Սինդի Բոնդը (որն ավելի վաղ աշխատել էր ”I Can Only Imagine”-ում):
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1850-ին՝ Կալիֆորնիայի ոսկու տենդի ֆոնին։ Սյուժեի առանցքում մի երիտասարդ աղջիկ է, որին մանուկ հասակում վաճառել են հասարակաց տանը: Նա ապրում էր ատելության և բռնության մեջ մինչև որ հանդիպեց մի պարզ քրիստոնյա տղայի, ով հետագայում իր սիրով ապացուցեց սիրող Հոր գոյությունը։
«Ես ուզում էի, որ հանդիսատեսը տեսներ այդ տարբերությունը, թե ինչն է աշխարհը անվանում սեր, և ինչպիսին է իրական սերը», — նշել է Ռիվերսը:
Ֆիլմից ստացված ողջ շահույթը կուղղվի «Sanctuary of Redeeming Love» հիմնադրամին: «Մեր առաքելությունն է օգնել վերջ տալ մարդկանց թրաֆիքինգին և սեռական շահագործմանը՝ ֆինանսավորելով դրանք վերապրածների աջակցության ծառայությունները, վերապատրաստման և վերականգնման ծրագրերը Միացյալ Նահանգներում և արտերկրում», — ասել է Ռիվերսը:
«Ես շատ երախտապարտ եմ Աստծուն, որ Նա կարող է օգտագործել ցանկացած բան, նույնիսկ արվեստի գործ՝ Իր սիրելի զավակների սրտեր մուտք գործելու համար», — նկատել է Ռիվերսը:
Նա նշել է, որ իր մեծ երազանքն է, որպեսզի մարդիկ հեռանան կինոթատրոններից՝ «հասկանալով, թե որքան համբերատար, ջերմ և գեղեցիկ է Աստծո սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ»: