Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում ապրիլի 26-ին կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում անդրադարձել է նաև Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով տիեզերական համերաշխության թարգման։
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ, Ֆրանցիսկոս պապը, խոսելով «Մատյան Ողբերգության» աղոթագրքի մասին, ասել է․ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, որը մեզ թողեց աղոթագիրք, որում արտացոլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը իր գիրկն առած առաջին ազգի հավատքը։ Գրիգոր Նարեկացին համամարդկային տիեզերական սիրո փայլուն օրինակ է, որին կոչված են բոլոր քրիստոնյաները»։
«Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով՝ նշանավորեց թե՛ հայ գրականության և թե՛ հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվել է որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։