• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Աստվա՛ծ իմ, սա նա է». Իրական պատմություններ

(Պատմվածք)

Սանկտ Պետերբուրգում զարմանալի դեպք տեղի ունեցավ։ Նախ 28-ամյա բուժքույր Օքսաննա Պոպովան սարսափելի երազ տեսավ՝ իբր իր 22-ամյա եղբորը՝ Դիմկային ծեծում և ոտքերով հարվածում են մի քանի հարբած ավազակներ։  Նրա արյունոտ գլուխը փոշու մեջ էր թավալվում, իսկ նրանք ոտքերով շարունակում էին հարվածել նրան։

«Աստվա՛ծ իմ, սա նա է». Իրական պատմություններ

Երբ աղջիկը տատիկին պատմեց իր սարսափելի երազի մասին, նրա շունչը կտրվեց, և շերեփը ձեռքից ընկավ։ Պարզվեց, որ տատիկն էլ նույն երազն է տեսել՝ արյունոտ Դիմկան տականքի ոտքերի տակ՝ փոշու մեջ: Երեկոյան պարզվեց, որ նույն երազը տեսել է նաև Դիմայի մայրը։

Բնակարանում սարսափելի լռություն տիրեց։

Իսկ այդ պահին Դիմկան վերադարձավ ինստիտուտից և հայտարարեց, որ մեկնում է Կավգոլովո գյուղ՝ այցելելու ընկերոջը։ Առողջ ու պինդ երիտասարդին ոչ մի կերպ ետ պահելու հնարավորություն չեղավ, իսկ եռակի երազատեսության վրա Դմիտրին պարզապես ծիծաղեց և գիշերով տանից դուրս եկավ:

Բնակարանում մնացած կանայք սարսափի մեջ էին. Նրանք, չկարողանալով որևէ բան անել, գնացին իրենց սենյակները և առանց որևէ բառ ասելու սկսեցին աղոթել։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, երեքն էլ աղոթեցին նույն սրբին՝ երանելի Քսենիա Պետերբուրգցուն, ում ամենից շատ էր դիմում այդ ընտանիքը:

Գիշերվա ժամը մեկին հանկարծ հնչեց դռան զանգը։ Շեմքին կանգնած էր Դիմկան՝ սառնամանիքից կարմրած։ Հարցին, թե ինչու է նա տուն վերադարձել կես ճանապարհից, տղան քթի տակ քրթմնջաց՝ մտափոխվեցի։ Մի բաժակ օղի խմելուց հետո Դիմկան խորը քուն մտավ, իսկ հաջորդ առավոտ տատիկին, մորն ու քրոջը պատմեց հետևյալը. կանգառներից մեկում գնացք նստեց տարօրինակ, եղանակի համեմատ թեթեւ հագնված, գլխաշորով մի կին։ Մտավ գնացքի վագոն և նստեց ուղիղ իր դիմաց։ Նրա կապույտ աչքերի հայացքից Դմիտրին ուղղակի քարացել էր։ Հաջորդ կանգառում վագոն ներխուժեց թունդ հարբած, պնդակազմ տղաների մի խումբ: Մոտ նստած՝ նրանք գարեջուր էին խմում ու բարձրաձայն հայհոյում։

Հանկարծ Դիմկայի ուղեկիցը ոտքի կանգնեց և, բռնելով տղայի բաճկոնի թևից, քաշեց նրան միջանցք։ Նա փորձեց առարկել, բայց հոգու խորքում լսեց վստահ ու մեղմ կանացի ձայն՝ գնանք։ Նրանք գնացքից իջան հաջորդ կանգառում։ Դուռը փակվեց, գնացքը դանդաղ արագացրեց իր ընթացքը, և Դմիտրին հասցրեց տեսնել, թե ինչպես է վագոնում հարբածների միջև ծեծկռտուք սկսվել։

Շուրջը նայելով՝ տեսավ, որ կանգնած է ձյունապատ հարթակի վրա՝ բոլորովին միայնակ։ Վախից անմիջապես քրտնելով՝ տղան վազեց գծերի վրայով և տուն վերադարձավ հանդիպակաց գնացքով: Հաջորդ առավոտյան Օքսաննան եղբորը տարավ Սմոլենսկի գերեզմանատանը գտնվող Քսենիա Պետերբուրգցու փոքրիկ մատուռը:

Երիտասարդը, ով չէր հավատում Աստծուն, նայեց սրբի պատկերին և սփրթնած շուրթերով շշնջաց. «Աստված իմ, սա նա է»:

Վլադիմիր Դոբրով

09.02.2004թ.

Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի