• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Մի շարք արվեստագետներ միացան «Իմ Թանկին»

Դեկտեմբերի 28-ին նոր հանրային դեմքեր միացան «Իմ թանկ» բարեգործական ծրագրին։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար, Հայաստանի վաստակավոր մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Գևորգյանը, Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանը, Արամեն, հալեպահայ դիզայներ,  Shadoyan Fashion Couture House-ի հիմնադիր Գևորգ Շադոյանը։

Ակտիվ քննարկում ծավալվեց ծրագրի տեսլականը  կյանքի կոչելու քայլերի շուրջ։ Հնչեցին բազմաթիվ նոր առաջարկներ և կարծիքներ, որոնք բոլորն էլ նկատի կառնվեն և կներդրվեն ծրագրի իրականացման հիմքում։ Որպեսզի ծրագիրն առավելագույնս արդյունավետ լինի և ծառայի իր առջև դրված նպատակին, որոշվեց հստակեցնել շահառու թիրախային խմբերը և յուրաքանչյուր խմբի հետ աշխատել ըստ կարիքի գնահատման։

Հիշեցնենք, որ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Կենտրոնական գրասենյակը, համագործակցությամբ «Համահայկական երիտասարդական միավորում» ՀԿ-ի, նախաձեռնել է «Իմ թանկ» բարեգործական ծրագիրը, որը կիրականացվի ծրագրին միանալու պատրաստակամություն հայտնած  հայտնի մարդկանց  մասնակցությամբ։

Գաղափարի նպատակն է՝ գոյացած հասույթն ուղղել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում երիտասարդական և պատանեկան շարժական ուսումնական կենտրոնների ստեղծմանը, դրանց տեխնիկական և ծրագրային ապահովման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական դասընթացներ կազմակերպելուն։

«Իմ թանկ» բարեգործական ծրագրի մեկնարկը տրվելու է բարեգործական ծրագրին միանալու ցանկություն հայտնած մասնակիցների նվիրական անձնական իրերի առցանց վաճառքով։