• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Պատիվս՝ հայրենիքիս

(Պատմվածք)

 

                                                                                                                                                      “Si Vis Pacem, Para Bellum”

«Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»

հռոմեացի պատմիչ Պուբլիուս Ֆլավիուս Վեգեթիուս

 

30-ամյա սևահեր մի տղամարդ, նստած` բազկաթոռին, նայում էր անվերջ թվացող անտառին: Վերհիշում էր անցած օրերը, հարազատ դարձած զորամասը: Երկար ծառայությունից հետո վերադարձել էր հայրենի գյուղ՝ ընտանիքի մոտ: Որդին նոր էր սկսել հաճախել դպրոց, ուսման մեջ առաջադիմություն էր ցույց տալիս:

— Բարև՛, Վահրա՛մ,- ասաց մի բարձրահասակ գյուղացի:

— Բարև՛, — պատասխանեց սևահեր տղամարդը:

— Ին՞չ  կա զորամասում, կապիտա՛ն:

— Ամեն ինչ անփոփոխ է:

— Այսօր գյուղապետը կեսօրին բոլորին կանչել է…

— Նորից ոռոգման հարցո՞վ:

— Չէ՛, ասաց՝ շատ կարևոր բան է եղել:

Տաղավարում հավաքվել էին գյուղի բոլոր հասուն տղամարդիկ: Գյուղապետը հայտարարեց, որ պատերազմ է սկսվել: Որոշվեց կազմակերպել կամավորական ջոկատ, հրամանատար նշանակվեց Վահրամը, քանզի կոչումով ամենաբարձրն էր և ուներ մարտական փորձ. մասնակցել էր ապրիլյանին: Շտաբում որոշվել էր Վահրամին տեղափոխել ուրիշ զորամաս, բայց պատասխանը, թե որտեղ է տեղափոխվելու, նա չէր ստացել: Կապիտանը շտաբին տեղեկացրեց, որ ստանձնում է կամավորների ղեկավարությունը: Շրջակա գյուղերի բնակիչներն էլ միացան ջոկատին: Կապիտան Դարբինյանը իր ենթակայության տակ ուներ 42 հոգի: Առավոտյան պետք է շարժվեին:

Ծանր ու հուզիչ էր հրաժեշտի պահը: Վահրամի հայրը՝ ճերմակ մազերով մի տղամարդ, լուռ հետևում էր մեկնող որդուն. խորիմաստ մի լռություն: Կինը և մայրը լալիս էին, բայց հոգու խորքում կարծես հպարտ էին: Մեկնելուց առաջ կապիտանը զորատես անցկացրեց. տողանով շարված երիտասարդներ և տարեցներ՝ խայտաբղետ համազգեստներով՝ դեղնավուն խորհրդային, կանաչ արցախյան և դարչնագույն նոր հայկական:

Հրամանատարի կողքին, սև սքեմով, խաչն ու ավետարանը՝ ձեռքին, աղոթում էր գյուղի քահանան: Բարձրահասակ գյուղացին՝ Արմենը, բեռնատարի վարորդն էր: Միշտ հանգիստ ու հավասակշռված, ո՛չ ծխում էր, ո՛չ խմում: Բեռնատարը նախատեսված էր խոտ տեղափոխելու համար, այդ պատճառով սկսեցին փայտե նստարաններ տեղադրել՝ երկու շարքով, ձողեր ամրացրեցին և բրեզենտով ծածկեցին թափքը: Մեքենան բաց կապույտ գույնի էր, ներկեցին դեղնաշագանակագույն: Կապիտանը հասկացել էր, որ հարավային ուղությամբ է լինելու հարվածը, իսկ այնտեղ հիմնականում տափաստաններ են: Ջոկատի կեսը նստեց բեռնատարը, իսկ մյուս կեսը՝ գյուղի չորս մարդատար մեքենաները: Այդ մեքենաներն էլ ներկվեցին, և բոլորի վրա սպիտակ խաչեր արեցին, ինչպես Արցախյան պատերազմում: Նրանց երկար ճանապարհ էր սպասվում:

Երևացին թավուտ անտառները, լսվեց Դեբեդի կարկաչյունը: Անցան լեռնային ոլորաններով, տեսան Ամբերդը և սկսեցին մոտենալ Երևանին: Որոշվել էր առաջին օրը հասնել Եղեգնաձոր և կանգ առնել: Տեսան խաղողի այգիներ, հոյակերտ տաճարներ: Եղեգնաձորի մոտ կանգ առան և վրաններ խփեցին: Կապիտանը, որն ինչպես նշեցինք,  մասնակցել էր Ապրիլյանին, հասկացել էր, որ պատերազմի բնույթը փոխվել է. նրա կարգադրությամբ այսուհետ շարժվելու էին միայն գիշերը, որպեսզի խուսափեին անօդաչուներից:

Խմբում 6 հոգի մասնակցել էր Արցախյան պատերազմին, իսկ մեկը ՝ նաև Աֆղանականին: Աֆգանը, այսպես կոչում էին նրան գյուղում, 56 տարեկան էր, միշտ ժպիտը՝ դեմքին և ուրախ, անընդհատ շարժման մեջ էր, սիրում էր երգել: Նրա հեղինակությունը բոլորն էին ընդունում, ուներ կանխազգացողություն ՝ նախապես հասկանալու՝ որտեղից պետք է սպասել դարանակալ հարձակում, որտեղ կարող է լինել ական:  Մյուսը փոխհրամանատարը Մարյակն էր, դեռ ԽՍՀՄ տարիներին ծառայել էր նավատորմում, շրջել էր Բալթիկ և Սև ծովերով, Արցախյան պատերազմին մասնակցել էր որպես հրետանավոր: Սիրում էր զբաղվել էլեկտրականությամբ, բակում հողմակայան էր կառուցել: Ցանկացած անհույս փչացած տեխնիկա կարող էր սարքել:

Ղեկավարական և մարտավարական հարցերից հետո սկսվեց քահանայի հետ զրույց: Գյուղացիների և քահանայի միջև կապը շատ անմիջական էր. գյուղը շատ դժվար օրեր էր տեսել, չէին մոռացել կործանարար երկրաշարժը, ամենաանհույս վիճակում քահանայի խոսքերն ուժ էին տալիս. իր քարոզներում օգտագործում էր վառ օրինակներ և հետաքրքիր համեմատություններ:

Խնջույքից և երգելուց հետո բոլորը քնեցին: Հաջորդ օրը՝ երեկոյան, շարժվեցին և հասան Արցախ: Ստանալով առաջադրանք՝ մեկնեցին ռազմաճակատ: Հեռվում լսվում էր ռումբերի պայթյունը: Ամբողջ օրը խրամատ էին փորում, Աֆգանը դաշտն էր ականապատում:

Լուսաբացին երևաց չորս տանկ, կապիտանը ժպտաց՝ գիտեր, որ առանց հետևակի տանկերը շատ խոցելի են: Տանկերը դանդաղ սողում էին դաշտով. երկաթե հսկաների տեսքը ահարկու էր: Ջոկատը չէր նկատվել, ո՛չ անզեն աչքով, ո՛չ էլ անօդաչուների ջերմազգայուն սարքերով: Ունեին հակատանկային նռնակներ և ականներ: Տանկերը Տ-90 ռուսական նոր մոդելներ էին՝ հնարավոր էր խոցել միայն մոտիկից՝ 30 մետրից: Խոցողը պետք է լիներ մահապարտ: Հրամանատարը կանչեց Աֆգանին.

— Ճանապարհը ականապատե՞լ ես:

— Չէ՛, եթե մեզ օգնություն գա՛, էդ ճամփով պիտի գա:

— Մարյա՛կ, կա՛պ տուր, կոորդինատներն ասա. տանկերի կոորդինատներից 50-60 մետր արևելք:

— Ի՞նչ ես մտածել, հրամանատա՛ր, — հարցրեց Աֆգանը:

— Չեմ ուզում մահապարտների ուղարկել, հիմա կտեսնես:

Մարյակը կապ տվեց ճամփից աջ, տանկերը ձախ կողմից էին գալիս, արկերը սկսեցին պայթել տանկերից առաջ՝ մոտ 50-60 մետր: Տանկերը, շարասյուն չկազմած, փոխեցին իրենց ուղղությունը դեպի ականապատ դաշտ, ռազմական խորամանկությունը աշխատեց: Երկու տանկ պայթեց ականների վրա, վառ երևում էին կրակի լեզուները: Մյուս երկու տանկից անձնակազմը սկսեց դուրս գալ, նրանց գերեվարեցին: Վառվող տանկերից կամավորականները հանեցին երկու հոգու: Կիսավառված, սևացած դեմքերով գերիները գրեթե ուշագնաց էին: Նրանց օգնություն ցույց տվեցին: Այսպիսով, ունեին ութ գերի:

Կոճղին նստած էր յոթ տարեկան մի տղա, նայում էր անվերջ թվացող անտառին: Իրենից քիչ հեռու հավաքվել էին գյուղացիները: Հեռվում երևաց դեղնականաչավուն մի բեռնատար: Բոլորի հայացքները ուղղված էին դեպի բեռնատարը, ժամանակը անվերջ էր թվում:

Վահրամը իջավ բեռնատարից:

«Ինչքա՜ն թախիծ ու ողբ է տեղավորվում մարդու աչքերում»,- մտածեց Վահրամը: Իր առջև կանգնած էին կանայք, տղամարդիկ և երեխաներ: Բոլորը լուռ էին: Պակասում էր Աֆգանի ժպիտը և Մարյակի հնարամտությունը: Բեռնատարից լսվեց «Կարմիր կակաչները ներկել են դաշտերը» մեղեդին…

Անցավ մեկ ամիս: Արցախի հերոս կապիտան Դարբինյանը դպրոցի  բակում մարզում էր պատանիներին: Անտառի կողմից վազեցին երկու փոքրիկ: Առաջինը՝ սևահերը՝ Վահրամի որդին, բարձր գոչեց՝ պատիվս՝ հայրենիքիս, և միացավ տողանին: Երկրորդը փայտից պատրաստած խաղալիք ջրաղացը դրեց առվակին: Անիվի պտույտը հիշեցրեց Վահրամին փոքրիկի պապի՝ Մարյակի հողմակայանը…

Արսեն Բաղիյան 12-րդ դասարան
Արսեն Բաղիյան 12-րդ դասարան
հեղինակ