• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ես ուխտավոր եմ․ Անահիտ Պեպանյան

Ես Անահիտ Պեպանյանն եմ՝ Կոտայքի թեմի Չարենցավան համայնքից։

Եկեղեցին իմ հոգետունն է, որտեղ կարող եմ կիսվել իմ Հայր Աստծո հետ իմ ուրախությամբ և տխրությամբ, հաղորդակից լինել նրա հետ իմ աղոթքներում։ Եկեղեցում եմ գտնում իմ հոգու խաղաղությունը և ներդաշնակությունը: Եկեղեցին այն կառույցն է, որտեղ ամրանում է իմ հավատն ու սերն առ Աստված։ Եկեղեցին է, որ դարեդար հավաքել և շարունակում է հավաքել ժողովրդին, զորացնում է և դարձնում միասնական։ Եվ միայն եկեղեցական համայնքային կյանքն է, որ կարող է մարդուն մոտ պահել Աստծուն ու փրկել չարից:

Ես որպես քրիստոնյա առաջնային եմ համարում մասնակցել Սբ. Պատարագին, ժամերգություններին և եկեղեցական մյուս ծիսակատարություններին, թեմական միջոցառումներին։ Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել եկեղեցուն թեկուզ իմ ամենափոքր գործերով։ Երիտասարդաց միության ակտիվ անդամ եմ:

Որոշեցի մասնակցել 2022 –ի ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը, քանի որ, մինչ այդ՝ թեմի երիտասարդներից և քահանայից դրական կարծիքներ էի լսել ՀԵՀԵՄ ուխտագնացությունների մասին, և լինելով Կոտայքի թեմի երիտմիության անդամ՝ ցանկացա մասնակից լինել հոգևոր արժեքներ կրող այդ ծրագրին, ներկայացնել իմ թեմը և թեմում կատարվող ծրագրերը, ծանոթանալ մյուս թեմերի ծրագրերին, նրանց անդամներին, և ինչու չէ, փորձի փոխանակման միջոցով նոր գիտելիքներով և առաջարկներով վերադառնալ իմ թեմ, փորձել իմ ներդրումն ունենալ եկեղեցի- երիտասարդ կապի ամրապնդմանը:

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ինձ տվեց և՛ հոգևոր ձեռքբերումներ, և՛ նոր եկեղեցասեր լավ ընկերներ։