• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Առանց խոհեմության չկա քրիստոնեական կյանք. Զրույց Հայր Թովմայի հետ

Հունիսի 11-ին ՀԵՀԵՄ ԿԳ-ում տեղի ունեցավ հերթական հոգևոր զրույցը Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ: Զրույցի թեման խոհեմությունն էր: Ի դեպ, այս թեման իրենք՝ երիտասարդներն էին ընտրել: Նախքան զրույցը սկսելը Հայր Սուրբն օրհնեց ՀԵՀԵՄ անդամ Էդուարդին, որը պիտի  այս ամռանը զինակոչվի բանակ և որի ծննդյան օրն էր 1 օր առաջ,   մաղթեց բարի ծառայություն և բարի վերադարձ՝ նրան նվիրելով զինվորական կազմով Սաղմոսարան և Նոր Կտակարան:

— Խոհեմությունն ընտրություն է, խոհեմության մասին ասելու այնքան բան չկա, որքան՝ անելու: Ընտրել՝ լինել խոհեմ, թե՞ չլինել: Այս է խնդիրը,- օրվա թեմային անդրադառնալով՝ ասաց Հայր Թովման՝ նկատելով, որ խոհեմ մարդը համբերատար մարդն է: Նա խորհուրդ տվեց երիտասարդներին որոշումներ կայացնելիս երբեք չտրվել զգացական վիճակին, գործել սթափ և խոհեմ լինել: Հայր Սուրբը երիտասարդներին խորհուրդ տվեց գործել խոհեմաբար, և պտուղները չեն ուշանա: Նա հորդորեց երիտասարդներին իրենց գործնական քայլերը շաղախել առաքինության և խոհեմության շաղախով:

-Առանց առաքինության և խոհեմության չկա քրիստոնեական կյանք,- համոզմունք հայտնեց հայր Թովման: Հանդիպման ընթացքում բազմաթիվ էին հայր սուրբին ուղղված երիտասարդների հարցերը, ինչը և հող նախապատրաստեց առաջիկա նորանոր հանդիպումների համար: