• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. Հարավային Ռուսաստան

Հունիսի 6-ին տեղի ունեցավ թեմական երիտասարդական միությունների պատասխանատուների հետ մեր հերթական հեռավար հանդիպումը` այս անգամ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի հետ։ Քննարկմանը թեմից մասնակցում էին երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Տեր Գևորգ քահանա Միրզոյանը և Լուսինե Բայաթյանը։

Կենտրոնական գրասենյակից միացել էին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանը, Թեմական երիտասարդական միությունների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը, Հասարակական կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը և Տեղեկատվական բաժնի պատասխանատու Սամվել Շահնազարյանը։

Հանդիպումը սկսվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի ողջույնի խոսքով, ինչից հետո թեմի երիտասարդական պատասխանատուները ներկայացրեցին իրենց համավարակի շրջանում իրականացրած գործունեությունը.

  • Ապրիլի 24-ի, Մայիսյան տոների արարողությունների և դռնփակ պատարագների համացանցային ուղիղ հեռարձակումների ապահովում համայնքի համար,
  • Սոցիալական ծրագրեր տարբեր համայնքներում՝ օգնություն կարիքի մեջ գտնվող հայրենակիցներին,
  • Համավարակով պայմանավորված իրականացվող Սուրբգրային առցանց սերտողություններ,
  • Հայրենասիրական ոգին բարձրացնելու համար Մայիսյան տոների կապակցությամբ՝ բազմաթիվ տեղեկություններ, տեսանյութեր և ուղերձներ։

Քննարկվեցին Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի կապակցությամբ մի քանի ձեռնարկներ և նախատեսվող մի շարք ծրագրեր։ Մասնավորապես Հայր Սուրբը խոսեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախատեսվող նախաձեռնության մասին։ Այն իրենից ենթադրում է վերջին 20 տարիներին կառուցված Հայ Առաքելական Եկեղեցիների երիտասարդների մասնակցությամբ լուսանկարների ցուցահանդես, որը նպատակն ունի ներկայացնել եկեղեցու երիտասարդահավաք առաքելությունը։

Հայր Սուրբը նշեց, որ այս հանդիպումների գլխավոր նպատակը Տարածաշրջանային ժողովներին հասնելն է, որոնց առանցքում քննարկվելու է 2021թ․ համահայկական երիտասարդական մեծ ուխտագնացությունը։

Անդրադարձ կատարվեց Կենտրոնական գրասենյակի իրականացրած ծրագրերին, մասնավորապես «Իմ թեմը» նախաձեռնությանը, «Սոցիալական ձեռներեցություն» սեմինարներին։ Անգելինա Ալեքսանյանը խոսեց Սեմինարների արդյունքների մասին, կարևորելով այն հանգամանքը, որ դրանց արդյունքում համագործակցային ֆոն ստեղծեց երիտասարդների և հասարակական սեկտորի միջև։

Տեր Գևորգը շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին և Կենտրոնական գրասենյակին ներդրած ջանքերի, իրականացրած ծրագրերի առիթով, նշելով, որ դրանք ամրացնում են երիտասարդների սերը միմյանց և եկեղեցու նկատմամբ։

?Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքի ընթերցումով։

Հիշեցնենք, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ մեկնարկում է հեռավար հանդիպումների շարք՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։ Օրակարգում համավարակի օրերին Հայ Եկեղեցու երիտմիությունների գործունեության իրազեկումն ու Տարածաշրջանային ժողովների հեռավար կազմակերպումն է։

https://www.facebook.com/hehemofficial/photos/a.268885673215405/2674260869344528/?type=3&__tn__=-R