• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Դրախտի ընտանիք»․ Գրքի քննարկում ՀԵՀԵՄ-ում

 

ACYOWorld Central Office Արման սարկավագ  Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիք» գրքի քննարկումը։ Ներկա էր նաև ACYOWorld հոգևոր տեսուչ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Հենց այս քննարկումով էլ սկիզբ դրվեց ՀԵՀԵՄ Գրքասերի ակումբի գործունեությանը։

Մինչ գրքի քննարկումը անցկացվեց ճանաչողական խաղ, որը հնարավորություն տվեց ավելի մոտից ծանոթանալու ՀԵՀԵՄ նոր անդամների հետ: Այնուհետև Արման սարկավագը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց «Դրախտի ընտանիք» գրքի՝ իր կողմից նախապես առանձնացված հատվածների վրա։ Հենց դրանց հիման վրա էլ ծավալվեց քննարկումը։

-Տուն եւ ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է. որոյ նահապետական աթոռին վերայ կը նստին ծնողք. հայր իբրեւ թագաւոր, եւ մայրն իբրեւ թագուհի. եւ կը կառավարեն հպատակ ընտանիքը։ Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ, ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւազան այլ ամենուն տեղ հայրական սէր եւ մայրական գորովն է. դաստիարակ եւ խրատ՝ ծնողաց կենդանի օրինակն է։ Այս օրինակը այնչափ բարի ու տպաւորիչ է, որ գիտես թէ լուսարուեստին պէս թափանցիկ կերպով ծնողաց պատկերը նոյնատիպ կը հանէ իւր զաւակաց վերայ եւ զաւակները այդ սկզբնական տիպարն առնելով կը մտնեն ժողովուրդին եւ ընկերութեան մէջ, — Խրիմյան Հայրիկի այս սեր ու գորով արտաշնչող խոսքերը դարձան բավական բուռն քննարկման առարկա։ Յուրաքանչյուրն իր հերթին ուզում էր արտահայտվել և իր սեփական դիտարկումներն անել։

Ի՞նչ է ընտանիքը, ինչու՞ է այն փոքրիկ եկեղեցի համարվում, ինչպիսի՞ առաքինությունների մեջ վարժեցնել երեխային, ինչպե՞ս փոխանցել նրան հավատ առ Աստված սեփական օրինակի միջոցով։

Քննարկման ավարտին կրթական խաղ անցկացվեց, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը, գնդակը փոխանցելով կողքինին, ասում էր, թե ինչի հետ է ասոցացնում «Դրախտի ընտանիքը»։ Մի հարցում, սակայն, բոլորը համակարծիք էին՝ Դրախտի ընտանիքը քրիստոնեական ընտանիքն է:

Լուսանկարները՝ Մարգարիտա Աթոյանի

Տեսահոլովակը՝ Վերգինե Առաքելյանի

Էլեն Պողոսյան
Էլեն Պողոսյան
տեքստի հեղինակ