• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երիտասարդներին

Ս․ Սարգսի տոնին ՀԵՀԵՄ ԿԳ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդներին

Փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Սարգսի տոնի առիթով Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։

Հանդիպամը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր գովարժան ներդրումն ունի ազգային և նաև եկեղեցական կյանքից ներս:

Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը սկսեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորականով և մաղթանքով, որ սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների բոլոր իղձերն ու նպատակները:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, Հայ Եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրանց այսօրվա ձեռքբերումները կնպաստեն ավելի մեծ հաջողություններ արձանագրելու ոչ միայն իրենց, այլ նաև հայրենիքի և ազգի հեղինակության բարձրացման համար և ոգեշնչող օրինակ կլինեն մատաղ սերնդի կյանքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդ դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ սրբազան ժառանգությանը: Նորին Սրբությունը խոսեց եկեղեցական կյանքում ներգրավվածության օգտակարության մասին, ապա անդրադարձավ Եկեղեցու սպասումներին երիտասարդությունից՝ մասնավորապես հայրենիքին և ազգին մատուցվող ծառայության ծիրից ներս:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքի զանազան մարտահրավերների վերաբերյալ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց երիտասարդներին շաղախել իրենց կյանքը աստվածսիրությամբ, ապրել ու արարել սիրով, հայրենիքի հանդեպ հավատարմությամբ և եկեղեցանվիրումով։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2420806838023267?__tn__=-R