• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ն իր թատրոնը կունենա. քննարկում ԿԳ-ում

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը կունենա իր թատերախումբը:  Այդ առիթով Հունիսի 25-ին ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Կենտրոնական գրասենյակում  հանդիպեց ռեժիսոր, մնջախաղաց, թատերական հանդիսությունների կազմակերպիչ Լևոն Իվանյանին և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու համայնքային թատրոնի հիմնադիր Տաթևիկ Պետրոսյանին: Հանդիպումը հայր սուրբի հետ նախաձեռնել էր ՀԵՀԵՄ տեղեկատվական գծով պատասխանատու Արաքսյա Պողոսյանը:

ՀԵՀԵՄ թատրոնը կդառնա հոգևոր արժեքների փոխանցման գեղարվեստական հարթակ: Աստվածաշնչյան թեմաների բեմականացումը՝ ժամանակակից սյուժեներով համեմված,  և եկեղեցական տոները մեծ թատերային հանդիսություններով նշելը  նոր լիցք կհաղորդեն ՀԵՀԵՄ երիտասարդական կյանքին և այդ կենսակերպի քարոզմանը: Զրուցակիցներն իրենց տեսլականը ներկայացրեցին ապագա թատրոնի ստեղծման վերաբերյալ, այն կյանքի կոչելու ճանապարհային քարտեզն ուղենշեցին, ինչպես նաև ՀԵՀԵՄ երիտասարդական ներուժի կիրառմամբ լայնամասշտաբ թատերային հանդիսություններ  կազմակերպելու ռազմավարությունը մշակեցին: Որոշվեց նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական: