• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Կայացավ ՀԵՀԵՄ III ատենապետաց ժողովը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) աշխույժ գործունեություն է  ծավալում՝ համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի կյանքի կոչումով: Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի, ՀԵՀԵՄ Եվրոպայի, ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումները։

Ապրիլի 23-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ III ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 25 թեմերից շուրջ չորս տասնյակ երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ։

Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան հայրը նշեց, որ այս անգամ ժողովն առավելապես տեղեկատվական բնույթ է կրելու, և խնդրո թեման հիմնականում լինելու են սույն թվականի հուլիս ամսին կայանալիք համահայկական ուխտագնացությանն առնչվող բովանդակային և կազմակերպչական  հարցերը, և ոչ միայն։

ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը բարձր գնահատեց տարեսկզբից մեկնարկած և շարունակվող Տարածաշրջանային ֆորումները՝ դրանց պատշաճ կազմակերպման համար իր շնորհակալությունը հայտնելով ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ողջ անձնակազմին։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը ներկայացրեց ՀԵՀԵՄ ընդհանուր ուղենիշում տեղ գտած լրամշակումները, որոնք պայմանավորված են համահայկական երիտասարդական կառույցի գործունեությանն ուղղված նոր ծրագրերով և տեսլականով։ Ուղենիշը սահմանում է ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, գործունեության ոլորտը և ռազմավարական նպատակները։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանն իր ուրախությունը հայտնեց Ատենապետաց ժողովին թեմերի նման ակտիվ մասնակցության համար՝ նկատելով, որ հենց դա է իրենց աշխատանքի ամենամեծ գնահատականը։

Այնուհետև Հայր Սուրբն անդրադարձավ սույն թվականի հուլիսի 6-10-ը կայանալիք Համահայկական ուխտագնացության բովանդակային և կազմակերպչական հարցերին։

«Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագիրը կրող ուխտագնացության չորս օրերից երկուսը լինելու են թրեյնինգային օրեր, իսկ երկուսը՝ ուխտագնացության։ Երիտասարդական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանը, ինքնաճանաչողությանը, հմտությունների զարգացմանը և մեդիագրագիտությանն ուղղված թրեյնինգներն անցկացնելու են միջազգային որակավորում ունեցող դասընթացավարները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

Ուխտագնացության ավարտին երիտասարդները կհանդիպեն Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ատենապետաց ժողովի մասնակիցները Համահայկական ուխտագնացության հետ կապված տարատեսակ հարցեր ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ։

Ատենապետաց ժողովը մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

 

The Meeting of Chairpersons is an advisory body, which is attended by clergymen and laypersons responsible for youth affairs of the dioceses. At the invitation of the Central Office it is convened with periodicity of once every one or two years, as well as when needed. Details of the programs that took place and the ones scheduled, organizational issues of Pan-Armenian events, motto of the events of the year, issues concerning regional meetings, changes to ACYOWorld Guidelines and other issues are discussed on the agenda. Each diocese has one vote at the Meeting of Chairpersons.