Շարունակվում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի առցանց հոգևոր հանդիպումները: Այս անգամ զրույցը ծավալվեց Բալթյան երկրների հայոց թեմի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի հետ: Զրույցի առանցքում քահանայի կերպարն էր, նրա առօրյան և ծառայությունը: Ինչպես միշտ, հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով:
Անդրադառնալով քահանայի առաքելությանը՝ Տեր Խոսրովը նկատեց, որ քահանայի կերպարի վերաբերյալ պատկերացումները երիտասարդ սերնդի շրջանում բավականին տարբեր կարող են լինել, բայց ինչպիսին էլ դրանք լինեն, քահանան շարունակում է ծառայել նրանց՝ հաճախ ընդառաջ գնալով երիտասարդների գաղափարներին:
Տեր հայրը կիսվեց իր թեմական ծառայության ընթացքում պատահած դեպքերի մասին հետաքրքիր հիշողություններով, այնուհետև խոսեց իրենց համայնքի խնդիրներից: Նրա համար առաջնահերթություն է օտարության մեջ բնակվող հայ ընտանիքներին, որոնցից շատերը, իր խոսքով, եկեղեցի չեն այցելում, վերադարձնել իրենց արմատներին:
-Ես կողմ եմ ներգրավմանը, բայց ոչ՝ ձուլմանը, որովհետև օտարության մեջ շատ հայեր ձուլվում են, իսկ հետո կորչում են հոգևորականի տեսադաշտից և դադարում նաև հայ լինել։ Սակայն մենք զանազան միջոցներով ամեն ինչ անում ենք նրանց հոգևոր կարիքները բավարարելու համար, որպեսզի նրանց մեջ սեր արթնանա եկեղեցու և քահանայի նկատմամբ»,- նշեց Տեր Խոսրովը:
Պատասխանելով հետևորդների հարցերին՝ նա անդրադարձավ նաև բոլորովին վերջերս սոցհարթակների շնորհիվ մեծ հնչեղություն ստացած և, ինչու չէ, նաև շատ քննադատված իր կարճ տեսահոլովակներին: Տեր հայրը շեշտեց, որ դրանք արվել են մի քանի պատճառներից ելնելով: Նախ, առցանց հարթակի վրա կենտրոնանալը պայմանավորված էր համաճարակային սահմանափակումներով: Բացի այդ, ընդառաջ գնալով երիտասարդների հետաքրքիր մտահղացումներին, պարզապես փորձ է արել հասկանալ սոցցանցերի ընձեռած հնարավորությունները՝ հոգևոր քարոզչությամբ զբաղվելու համար:
«Մենք այս հարթակով ուզում ենք գնալ և հասնել իրենց տուն, որպեսզի հասանելի լինենք երիտասարդներին»,- նշեց հոգևորականը:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։