• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Օրհնություն

Պատմվածք


 

Հայր Հովակիմն ուխտավորներից ոչ մեկի այլևս չէր ընդունում, նրանց հետ զրույցներ չէր վարում: Նա այնքան ծեր էր, որ շարժվում էր միայն ուրիշի օգնությամբ: Լենան, ինչպես և բոլորը, շատ էր լսել նրա մասին, ավագներից մեկը նախկինում նույնիսկ այցելել էր նրան: Լենան՝ երբեք: Բայց նա ուրախ էր, որ պարզապես նրա հետ նույն վանքում, նույն տաճարում, նույն հողի վրա աղոթում է: Ուրախ էր այն մտքից, որ իր տկար աղոթքը հենվում է արդարի աղոթքին:

Դեռ մեկ ժամ կար մինչև երեկոյան ժամերգությունը: Բոլորը նստոտել էին վանքի բակի մեջտեղում անհավասար դարսված տախտակների վրա, երբ խմբի առաջնորդին մոտեցավ մի երիտասարդ վանական և լուռ ինչ -որ բան փոխանցեց: Ցաքուցիր տնկված մի քանի ջահել կեչիներ, աղավնիներ՝ տանիքի տակ, երկնքի քառակուսու մեջ ամպեր՝ վանքի պատերից վեր. ամեն ինչ կարծես համրացավ սպասման մեջ։ Մայր Ելենայի դեմքին նախ զարմանք հայտնվեց, հետո՝ ուրախություն: Եվ բոլորը հասկացան, որ գնալու են Հովակիմ ծերի մոտ:

Շարվեշարան ուխտավորները քայլեցին դեպի վանքի հին շենքերից մեկի մուտքը՝ վախենալով անգամ մի բառ արտաբերել, բայց և չկարողանալով չփոխանակել ուրախ հայացքները: Լենան հուզվում էր: Նա հոգու մեջ փնտրում էր այն միակ հարցը, այն միակ խնդրանքը, որն այդ պահին պետք է Աստծուն ուղղեր և խնդրեր պատասխանել իրեն սուրբ մարդու միջոցով: Հանկարծ աչքովն ընկավ Անտոնի դեմքը, որը քայլում էր առջևում՝ այլ տղամարդկանց հետ միասին:

Նրանք մի տարի էլ չկար, ինչ ծանոթ էին, և նա նրան ամուսնության առաջարկ արեց: Լենան չէր կասկածում նրան, բայց կասկածում էր իր սիրուն: Եվ որ նա սիրում է իրեն: Նա կասկած չուներ, որ երկուսն էլ հավատքի, ամուսնության և երեխաների հարցում նույն տեսակետն ունեն: Նրանց համար հետաքրքիր էր միասին լինելը: Բայց Լենան ավելին էր ուզում: Արդյո՞ք կես տարվա սերը և ընդհանուր հայացքները բավական են ամբողջ կյանքը միասին անցկացնելու համար: Բավական է գուցե սկզբի համար, իսկ հետո՞: Շատ տարիներ անց: Լենան ուզում էր Աստծո օրհնությունը այդ միության համար, այդ դեպքում սարսափելի չէր լինի: Եվ Լենան սկսեց անդադար մրմնջալ. «Տե՛ր, Հովակիմ ծերի աղոթքներով օրհնիր ինձ Աստծո ծառա Անտոնի հետ ամուսնության մեջ»:

Բավականին նեղ սանդուղք էր տանում դեպի երկրորդ հարկ՝ փայտյա, ճռռացող աստիճաններով: Լույս գրեթե չկար: Առաստաղի տակ գտնվող փոշոտ պատուհաններից երևում էին միայն երեկոյան երկնքի մանր բծերը: Մարդիկ աստիճաններով իջնում ​​էին անընդմեջ հոսքով. Աջից բարձրանում էին, ձախից` իջնում: Քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան:

Երբ միայն մեկ աստիճան էր մնացել մինչև ծերի սենյակ, Լենան վերջապես տեսավ նրան:  Իսկույն մտածեց, որ նրա մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Եվ եթե ծերը բակում նրա կողքով անցներ, ապա նա երբեք ուշադրություն չէր դարձնի նրա վրա: Շատ էր ծեր ու կարծես բացակա լիներ այս աշխարհից: Նա, վանականներին հենված, յուղով էր օծում յուրաքանչյուր այցելուի ճակատը, բերանը, աչքերը, ականջներն ու ձեռքերը, որոնց մյուս վանականներն անմիջապես շտապեցնում էին ցած իջնել։ Մոտենալով՝ Լենան հասկացավ, որ ծերն ինչ -որ բան է շշնջում, որը նրան այդպես էլ լսելի չեղավ:

Նա նորից ու նորից կրկնելով իր աղոթքը՝ մոտեցավ ծերին: Նա արագ օծեց նրա ճակատը, բերանը, այնուհետև ձախ աչքը, ականջը և ձեռքերը: Լենան շարունակում էր տարակուսած կանգնած մնալ՝ չնայած ծերը նրան չէր նայում և արդեն օծում էր հաջորդին: Վանականներից մեկը սկսեց Լենային հրել դեպի ելքը՝ «Դուք վերջացրի՞ք» հարցնելով: Նա ինքն էլ այդ պահին իրեն հարց էր տալիս՝ «Վե՞րջ, այդքան բա՞ն»:

Նա նույնիսկ չստացավ այն, ինչ ստացան բոլորը՝ ամբողջական օծում: Միայն կեսը։ Իսկ ինչու՞ ձախ կեսը:

Մարդկանց հոսքը նրան ցած հրեց աստիճաներից, և նա հիասթափություն զգաց: Այո, Օրհնություն ստացավ: Նա ինքն էլ չգիտեր, թե ուրիշ ինչի է սպասում: Ինչ-որ բառի, հայացքի, ակնարկի: Գուցե նվերի՞: Ի՞նչ են նրանք տալիս օրհնության ժամանակ՝ նշխա՞ր, թե՞ մոմ: Բայց իրականում նա ոչ մի բան չստացավ: Նա նույնիսկ չստացավ այն, ինչ բոլորը ստացան`լրիվ օծումը: Միայն կեսը։ Եվ ինչու՞ ձախ կեսը: Մի՞թե նա այդքան մեղավոր է: Գլխում Վերջին Դատաստանի պատկերը հայտնվեց, երբ ոմանք գնում են աջ, իսկ ոմանք՝ ձախ: Ինքը ձա՞խ։

Մտածելու ժամանակ չկար: Ժամերգությունը սկսվեց, նրանց խումբը դանդաղ անցավ բակով՝ միանալու համար աղոթողներին: Մի քանի վանականներ խոստովանություն էին վերցնում նրանցից, ովքեր պատրաստվում էին առավոտյան հաղորդություն ստանալ: Երկար ձգվող վանական ծեսը խաղաղեցրեց և հոգնեցրեց: Լենան այլևս հարցեր չէր տալիս՝ իմաստների որոնումը թողնելով ավելի բանիմացներին և հոգեպես հասուններին: Հետո նա անպայման կպարզի, թե ինչպես ապրել ամուսնության մեջ, ինչպես լինել կին և մայր: Իսկ մինչ այդ՝ համեստ վանական ճաշը՝ անփոփոխ, բացառիկ համեղ հացից  կվասով, գիշերակաց ձեղնահարկում` տղամարդիկ՝ առանձին, կանայք`առանձին՝ առավոտ կանուխ վերկացով, Պատարագ և մեկնում:

Ավտոբուսում, Անտոնի կողքին նստած, Լենան լուռ էր: Անտոնը նույնպես լուռ էր: Տխուր էր: Բայց տխրությունն առանձնահատուկ էր: Ուստի և չէին քննարկում: Պատուհանից դուրս աչք էին զարնում դաշտերը, տնկարկները, փոքրիկ գյուղակները: Ինչ -որ մեկը ներբող երգեց Սուրբ Նիկողայոսին: Ճաշի ժամին մոտ սննդի տոպրակները շխշխկացին։ Լենան և Անտոնը նույնպես հանեցին վանքում գնած չամիչով անուշահոտ բոքոնը: Ավտոբուսում շշուկներն ու խոսակցություններն աշխուժացան։  Մարդիկ դանդաղ վերակենդանացան՝ մտովի վերադառնալով այն հոգսերին, որոնք նրանց սպասում էին տանը: Վերադարձին՝ տպավորությունների տակ, Լենան այլևս չգիտեր, թե վանքում իր զգացածի որքան մասն էր իրական, որքանը՝ ոչ:

Կատակով ընկերներից մեկն ասաց. «Դուք ասես իրար կես լինեք՝ դու Անտոն, աջ, իսկ դու՝ Լեն՝ ձախ կեսը։

«Այոոոոո․․․,- արձագանքեց Լենան՝ զարմանալի հայտնությունից ցնցված,- այո, ես ձախ կեսն եմ»։

 

Օլգա Պրոսվետովա 

Перевод: Аракс Погосян