Հարցերին պատասխանում է ԱՄՆ Արևմտյան Թեմի
«Սուրբ Հարություն» երիտմիության ատենապետուհի Քրիստինա Պողոսյանը
-Ի՞նչն է Ձեզ կապում եկեղեցու հետ։
-Եկեղեցու հետ կապս արմատացած է իմ հայկական ինքնությամբ: Գերբնականի զգացողություն եմ ունենում մեր հայրերի կողմից ստեղծված շարականները երգելիս և մեր նախնիների աղոթքները կարդալիս։ Գովելի և խրախուսելի են այն ավանդույթները, որոնց պահպանման համար պայքարել է մեր ազգը: Այդ ավանդույթներն ամրացնում են նաև հոգևորը իմ ներսում:
-Սուրբ Գրքի ընթերցանությանը ժամանակ տրամադրու՞մ եք։
—Այո։ Իմ աչքերում Աստվածաշունչը պոեզիա, փիլիսոփայություն և գոհ կյանքով ապրելու առաջնորդություն է: Ավետարանի յուրաքանչյուր տունն ինձ խաղաղություն է պարգևում և զորացնում հոգևորի հետ իմ կապը:
-Ովքե՞ր են ձեր թեմի երիտասարդները։
—Մեր հայ երիտասարդներն ուսանողներ են, հաջողության հասած մասնագետներ և համայնքային առաջնորդներ: Մեր համայնքը բազմազան է՝ կազմված ընտանեկան տարբեր ավանդույթների, մշակութային կապերի և տարբեր մասնագիտության տեր մարդկանցից: Մենք հավաքվում ենք կանոնավոր կերպով, իրար հետ կապը միշտ պահում ենք և միմյանց հաջողություններով ուրախանում:
-Ձեր թեմում ինչպիսի՞ գործունեություն են ծավալում երիտասարդները։
—ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի ՀԵԵՄ Կենտրոնական խորհուրդի Սիեթլի «Սուրբ Հարություն» մասնաճյուղի վերակազմավորումից ի վեր վերջին 2,5 տարում կազմակերպել ենք ավելի քան 60 սոցիալական, մշակութային և եկեղեցական միջոցառումներ՝ ներառյալ 2020 թ․ Արցախյան պատերազմի ժամանակ ի պաշտպանություն հայերի բողոքի ցույցեր կազմակերպելու և ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար օգնություն հանգանակելու գործում մասնակցությունը։ Մենք նաև հետաքրքիր ժամանց ենք կազմակերպում՝ աստվածաշնչյան թեմաներով քննարկումներ խարույկի շուրջ, շախմատի մրցախաղերը, արշավներ։ Մեր արդյունավետ աշխատանքի համար ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մեզ ճանաչեց որպես 2021թ․ լավագույն երիտմիությունը թեմում։
-Ակտիվ երիտմիություն ունենալու համար ի՞նչ է անհրաժեշտ։
—Ընդհանսուր առաքելությանը ծառայելը լավ թիմ ստեղծելու առաջին քայլն է։ Երիտասարդները պետք է կազմակերպված գործեն, հետևողականորեն հանդիպեն՝ ըստ անհրաժեշտության, ձևավորեն նպատակներ, կատարեն առաջադրանքներ և փաստագրեն իրենց առաջընթացը: Հաջողակ թիմն իմանում է իր համայնքի կարիքները և բավարարում դրանք՝ կլինեն կրթական, մասնագիտական, թե սոցիալական: Հաջողակ երիտմիությունը նաև խուսափում է առանձին փոքրիկ խմբավորումներ ձևավորելուց և ապահովում հաճելի միջավայր բոլորի համար՝ անկախ մասնակիցների անձնային տվյալներից:
-Սոցցանցերում ի՞նչ էջեր ունեք և հետևու՞մ եք արդյոք ՀԵՀԵՄ-ի կայքէջին, սոցիալական էջերին։
—Այո, սիրով հետևում ենք ՀԵՀԵՄ-ի կայքէջին և սոցիալական էջերին։ Սիեթլի ՀԵԵՄ-ը Ֆեյսբուքում է՝ https://www.facebook.com/groups/210875212266800,
և Ինստագրամում՝ https://www.instagram.com/acyo.seattle/:
-Մասնակցե՞լ եք ՀԵՀԵՄ-ի քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կազմակերպման դասընթացին։ Ի՞նչ տվեց այն ձեզ։
—ՀԵՀԵՄ դասընթացն ընդգծեց, որ անկախ երկրից, մենք որպես երիտասարդ առաջնորդներ` նույնանման մարտահրավերների ենք ենթարկվում: Գաղափարներ փոխանակելով և մտագրոհի միջոցով լուծումներ փնտրելով՝ մենք ստեղծեցինք ընդհանուր տեսլական և նպատակներ, որոնց իրագործման համար պիտի ջանք թափենք: Դա ենթադրում է հաճելի միջավայրի ստեղծում, եկեղեցական ավանդույթներին իրազեկվածություն և շարունակական կրթություն:
-Ձեր թեմում փորձու՞մ եք իրականացնել երիտասարդական քրիստոնեական աշխատանքին ուղղված նույնատիպ ծրագրեր։
—Բացի սոցիալական բնույթի միջոցառումներից, մեր թիմը կազմակերպում է նաև Աստվածաշնչի ամենամսյա ուսումնասիրություններ։ Այս հավաքույթների ընթացքում մասնակիցները կարդում են Աստվածաշնչից մի հատված և քննարկում այն: Դրանից հետո քահանան բացատրում է հատվածի բուն իմաստը։ Հոգևոր քննարկումներին մասնակցելն օգնում է երիտասարդներին վարժվել Աստվածաշունչ կարդալուն, որպեսզի կարողանան դա անել նաև ինքնուրույն կերպով՝ իրենց ազատ ժամանակ:
-Մասնակցե՞լ եք ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը, ի՞նչ տվեց այն ձեզ։
—Ուխտագնացությունը բացեց իմ աչքերը դեպի մեր սփյուռքը՝ մենք սփռված ենք աշխարհով մեկ՝ կրելով տարբեր մշակույթների ազդեցությունները, բայց մենք կիսում ենք նույն մշակութային ինքնությունը: Ես նաև հասկացա, որ հայ եկեղեցին մեզ իրար է կապում։ Աշխարհում ուր էլ գնալու լինեմ, կապ չունի, եթե հայկական եկեղեցի եմ գտնում, ուրեմն գտել եմ իմ ժողովրդին։
-Ի՞նչ առաջարկ ունեք ՀԵՀԵՄ-ին։
—Շատ կուզենայի որ ՀԵՀԵՄ-ի շրջանակներում ավելի հաճախակի լինեին բոլոր երիտմիությունների ատենապետների մակարդակով հանդիպումները և քննարկումները։